Ճանապարհորդություն դեպի Ռեյմս | Ջ. Ռոսսինի
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Համայն Եվրոպայից ժողովված երևելի ազնվականների «հավաքականը» հանգրվանում է ֆրանսիական առողջարանային Պլոմբիեր Լե Բեն քաղաքի «Ոսկյա շուշան» հյուրանոցում՝ 1825թ․ մայիսի 29-ին Կարլոս X-ի թագադրության՝ Ռեյմսում կայանալիք արարողության մեկնելուց առաջ։

Հյուրատան անձնակազմը ջանք չի խնայում, որպեսզի տարբեր ազգության պատկանող խանդավառ ճանապարհորդների խումբն զգա իրեն ինչպես տանը: Հյուրանոցի կառավարչուհի Մադդալենան հավաստիանում է, որ ծառաներն իրենց աշխատանքն արագ և արդյունավետ են կատարում։ Դոն Պրուդենցիոն՝ առողջարանի բժիշկը, խնդրում է հյուրանոցի սենեկապետ Անտոնիոյին իր համտեսին ներկայացնել պատրաստված կերակուրները։ Հյուրանոցի տիրուհի Կորտեզեն հրահանգում է անձնակազմին ամենայն ուշադրությամբ զբաղվել կենվորներով։

Փարիզեցի երիտասարդ այրի, կոմսուհի Ֆոլվիլը, որը համակված է վերջին նորաձևությամբ հագնվելու հոգսով, անհամբեր սպասում է, թե երբ է տեղ հասնելու իր հագուստեղենը։ Տիկնոջ զարմիկը՝ դոն Լուիջինոն, հայտնում է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել, և այն կառքը, որը պիտի բերեր զգեստները, շրջվել է։ Պճնամոլ կոմսուհին հուսակորույս՝ թե ստիպված պիտի լինի հետաձգել ուղևորությունը, ի վերջո իսկույն սփոփվում է, երբ տեղեկանում է սպասուհուց, որ փրկվել է իր փարիզյան հույժ նորաձև գլխարկը:

Գերմանացի երաժշտասեր բարոն Տրոմբոնոկը, հետևելով այս ամենին, հեգնախառն խորհում է աշխարհում տիրող նման տխմարությունների շուրջ։ Նա, որ տնօրինում է խմբի ճամփորդության հետ կապված ֆինանսական հարցերը, ստիպված է ընդհատել իր այս մտորումները, երբ գրող,  հնահավաք,  տարբեր ակադեմիաների անդամ իտալացի դոն Պրոֆոնդոն գալիս է մուծելու ծախսերի սեփական բաժինը։ Քիչ անց հայտնվում է իսպանացի գեներալ դոն Ալվարոն՝ լեհ մարկիզուհի Մելիբեայի ուղեկցությամբ, որը ցանկանում է միանալ ճամփորդներին։ Նրանց հաջորդում է ռուս գեներալ, խանդոտ կոմս Լիբենսկոֆը, որը մարկիզուհուն մեղադրում է անհավատարմության մեջ։ Հռոմեացի արտիստուհի Կորիննան կանխում է սիրահար-ախոյանների մենամարտը՝ տավիղի նվագակցությամբ գովերգելով եղբայրական սերն ու խաղաղ գոյակցությունը։ Նրա խոսքերը հանդարտող ազդեցություն են գործում, և տարաձայնությունները մոռացվում են։

Մինչ այս, մինչ այն՝ պարզվում է, որ խումբը դեռ ձիեր ձեռք չի բերել ճամփորդության համար, և տիկին Կորտեզեն հետաքրքրվում է, թե որտեղ է իր ծառան՝ Ջելսոմինոն, որին ուղարկել էին ձիեր հայթայթելու։ Բացի այդ, տիկնոջը շփոթեցրել է նաև անգլիացի լորդ Սիդնեյի վարքը. Կորիննային սիրահարված՝ նա չի համարձակվում հայտնել նրան իր զգացմունքը, փոխարենն ընդամենը շարունակ ծաղիկներ թողնելով գեղեցկուհու դռան առջև։

Դոն Պրոֆոնդոն փորձում է անգլիացի գնդապետ լորդ Սիդնեյից տեղեկություններ ստանալ որոշ անգլիական հնությունների մասին, սակայն բավարար պատասխան չի ստանում։ Քիչ անց, այդ հնասերը հանդիպում է Կորիննային ու նրա հույն ուղեկցուհի Դելիային՝ խոստանալով պարզել, թե երբ է խումբը ճանապարհ ընկնելու։

Միայնակ հայտնված Կորիննային է մոտենում երիտասարդ ֆրանսիացի ասպետ Բելֆյորեն՝ միանգամայն վստահ, որ ինքն անդիմադրելի հմայիչ տղամարդ է։ Չնայած Կորիննան վճռականորեն մերժում է նրա սիրային նկրտումները, կնամոլը դեռ համոզված է, թե հմայել է նրան։

Բարոն Տրոմբոնոկը խնդրում է դոն Պրոֆոնդոյին կազմել ուղևորների թանկարժեք իրերի ցանկը։ Կատարելով այդ խնդրանքը՝ վերջինս սկսում է անհանգստանալ մեկնումի հետաձգմամբ։

Կոմսուհի Ֆոլվիլը փնտրում է ասպետ Բելֆյորեին և հարցնում է Պրոֆոնդոյին, թե ու՞ր է նա։ Տիկինն անկարող է թաքցնել զայրույթը, երբ տեղեկանում է, որ Բելֆյորեն սիրահարված է Կորիննային։ Մինչ հյուրերն անհամբեր սպասում են մեկնմանը, բարոն Տրոմբոնոկը հայտնում է, որ բանբեր Զեֆիրինոն վատ նորություններ է բերել․ ձիեր չկան, և ուղևորությունը պետք է չեղյալ հայտարարել։ Տիկին Կորտեզեին հաջողվում է մխիթարել հիասթափված հյուրերին. ինքը նամակ է ստացել, թե թագավորի՝ Ռեյմսից Փարիզ վերադառնալուն պես մեծ տոնակատարություն է սպասվում։ Կոմսուհի դը Ֆոլվիլը ամբողջ խմբին սրտանց հրավիրում է միանալ իրեն հաջորդ օրը մայրաքաղաք մեկնելու պայմանով։

Եվ ահա որոշվում է երեկոյան ճաշկերույթ կազմակերպել՝ ուղևորության համար նախատեսված միջոցներով։ Անմիջապես սկսվում են անհրաժեշտ պատրաստությունները: Երաժշտասեր Տրոմբոնոկը, որը երդվյալ խաղաղասեր է, փորձում է վերջ դնել մարկիզուհի Մելիբեայի շուրջ դոն Ալվարոյի և կոմս Լիբենսկոֆի միջև ծագած տարաձայնությանը։ Կոմսը զղջում է իր խանդառատ պահվածքի համար, և զույգը հաշտվում է։

Հյուրանոցի պարտեզը զարդարված է ճաշկերույթի առիթով: Անտոնիոն և Մադդալենան ավարտել են պատրաստությունները։ Հանդիսությունն սկսվում է բարոն Տրոմբոնոկի հրավիրած թափառաշրջիկ դերասանախմբի ելույթով: Բարոնն առաջարկում է, որ  ուղևորներից յուրաքանչյուրը բաժակաճառ արտասանի իր հայրենիքի ավանդական եղանակով։ Կորիննան համաձայնում է հանպատրաստից նվագակցել նրանց: Հյուրերն ի վերջո ընտրում են Կարլոս X-ին նվիրված ձոներգը ու համատեղ փառաբանում միապետությունն ու Ֆրանսիան

Genre:
օպերա /բեմականացված համերգային կատարում/

Author:
Ջ. Ռոսսինի

Illustrator
Ավետիս Բարսեղյան /ՀՀ վաստ. նկարիչ/
Director
Մկրտիչ Բաբաջանյան /Գերմանիա/

Composer
Ջ. Ռոսսինի


Performance rating

5.0
4
5
4
3
2
1
19 ապրիլ, ուրբաթ