Տրավիատա | Ջ. Վերդի
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ջ. Վերդի

ՏՐԱՎԻԱՏԱ

Օպերա 4 գործողությամբ

Լիբրետո` Ֆ. Պյավե, ըստ` Ա. Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» դրամայի

 

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ուրախ, անհոգ երեկո է կուրտիզանուհի Վիոլետա Վալերիի սալոնում: Նրա երկրպագուները տոնում են նրա ապաքինումը. ծանր հիվանդությունը կարծես նահանջել է: Հյուրերի թվում է Ալֆրեդ Ժերմոնը, որը վաղուց սիրահարված է թեթևամիտ Վիոլետային: Վիկոնտ Գաստոն դե Լետորյերը համոզում է Ալֆրեդին օգտվել առիթից և երգել սիրո ու կյանքի համար…

Հնչում է վալսի մեղեդին` պարի հրավիրելով հյուրերին: Ալֆրեդը մենակ է Վիոլետայի հետ ու խոստովանում է նրան իր սերը: Վիոլետային գրավում է նրա զգացմունքը և նա Ալֆրեդին կամելիա է նվիրում` թեթևաբարո կյանքի այս խորհրդանիշը և ժամադրություն նշանակում: Ալֆրեդը հուսավառված հեռանում է, հյուրերը` նույնպես: Մնալով մենակ` Վիոլետան հիշում է Ալֆրեդի կրքոտ խոսքերը: Կյանքում նա առաջին անգամ է հանդիպում անկեղծ զգացմունքի, և հոգում պատասխան սեր է բորբոքվում:

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Վիոլետան ու Ալֆրեդը երրորդ ամիսն է, ինչ առանձնացել են Փարիզի արվարձանում գտնվող ամառանոցում: Այստեղ նրանք վայելում են իրենց երջանկությունը, բայց Ալֆրեդը պատահաբար տեղեկանում է սպասուհի Աննինայից, որ Վիոլետան ծախսերը հոգալու նպատակով թաքուն վաճառում է իր ունեցվածքը: Ալֆրեդը շտապում է Փարիզ` ֆինանսներ հայթայթելու: Վիոլետային հանձնում են ընկերուհու` Ֆլորա Բերվուայի հրավերը հերթական պարահանդեսին, սակայն նա այն անտարբեր մի կողմ է դնում:

Հայտնվում է Ալֆրեդի հայրը` Ժորժ Ժերմոնը: Նա մեղադրում է Վիոլետային` որդուն սնանկացնելու ու անպատվաբեր ճանապարհով տանելու համար:

Վիոլետան այլայլված է: Ալֆրեդի սերը նրա միակ ուրախությունն է: Ժերմոնը հավատում է նրան և դիմում աղջկա բարի սրտին. չէ որ Ալֆրեդի կապը Վիոլետայի հետ կարող է խանգարել նրա քրոջ ամուսնությանը: Զիջելով Ժերմոնին` Վիոլետան որոշում է զոհաբերել իր երջանկությունը: Նա Ալֆրեդին հրաժեշտի նամակ է գրում: Վերադառնալուն պես, Ալֆրեդը գտնում է Վիոլետայի նամակը, որից նա հուսալքվում է։ Ժերմոնը զուր է փորձում համոզել որդուն, որ վերադառնա ընտանիքի գիրկը: Հանկարծ նկատելով Ֆլորայի երկտողը, Ալֆրեդն այլևս չի կասկածում, որ Վիոլետան դավաճանել է իրեն և շտապում է Փարիզ` վրեժ լուծելու նրանից:

 

ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պարահանդես է: Զվարճանում է «գիշերային Փարիզը»: Թղթախաղի սեղանի մոտ է Ալֆրեդը: Ներս է մտնում Վիոլետան իր վաղեմի երկրպագու` բարոն Դյուֆալի հետ: Ֆլորան հայտնում է Վիոլետային, որ Ալֆրեդն այդտեղ է և հնարավոր է բախվի բարոնի հետ, որը նույնպես միացել է թղթախաղին:

Վիոլետան ծանր է վերապրում բաժանումն Ալֆրեդից: Իսկ վերջինս էլ առիթ է փնտրում ընդհարվելու բարոնի հետ: Վիոլետան` տագնապած է. պետք է կանխել հասունացող մենամարտը: Ալֆրեդը` վերջնականապես համոզված է, որ Վիոլետան լքել է իրեն, հյուրերի ներկայությամբ նրա երեսին է շպրտում թղթախաղում շահած փողերը. «Ես վճարում եմ այս կնոջ համար»… Այդ պահին դահլիճ է մտնում Ժերմոնը, որը հանդիմանում է որդուն, թեև չի բացահայտում Վիոլետայի անձնազոհ քայլի գաղտնիքը:

 

ՉՈՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Վիոլետան սիրո դրժման տառապանքից և հիվանդությունից դանդաղ մարում է:

Բժիշկ Գրենվիլը գիտի, որ վախճանը մոտ է: Վիոլետան կարգադրում է Աննինային մնացած փողերը բաժանել չքավորներին: Մնալով մենակ` կրկին ընթերցում է Ժերմոնի նամակը, որով նա հայտնում է` Ալֆրեդը գիտի ամեն ինչ Վիոլետայի ինքնազոհության մասին:

Աննինան հայտնում է, որ եկել է Ալֆրեդը: Անսահման է սիրահարների բերկրանքը: Բայց և` կարճատև: Վիոլետայի ուժերը սպառվում են, բայց ինքը չի ուզում մահանալ, չէ որ երջանկությունն այնքան մոտ է…

Ժորժ Ժերմոնը վստահ է, որ ո՛չ իր համաձայնությունը որդու և Վիոլետայի ամուսնությանը, ո՛չ ուշացած զղջումը չեն փրկի մահամերձ գեղեցկուհուն: Վիոլետան մի վերջին ճիգով փարվում է սիրեցյալին ու հանգչում նրա գրկում:

Genre:
օպերա

Author:
Ջ. Վերդի

Illustrator
Ավետիս Բարսեղյան /ՀՀ վաստ. արտիստ/
Director
Գեղամ Գրիգորյան /ՀՀ և ԼՀ ժող.արտիստ/

Composer
Ջ. Վերդի

×

Performance rating

3.0
2
5
4
3
2
1
20 ապրիլ, շաբաթ