Encyclopedia

Դրաստամատ Կանայան

Դրաստամատ Կանայանը (Դրո) ծնվել է 1884թ. մայիսի 31-ին Իգդիրում: Երիտասարդ տարիքից անդամակցել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: 1905թ. կուսակցության հանձնարարությամբ ահաբեկել է Բաքվի նահանգապետ հայատյաց Նակաշիձեին: Հաջորդ տարիներին զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք փոխադրելով:

Առաջին աշխարհամարտի ժամանակ նշանակվել է երկրորդ կամավորական գնդի հրամանատար: 1918թ.-ի մայիսի 23-ին նշանակվել է Ապարանի հերոսամարտի հրամանատար: Հերոսամարտի օրերին՝ մայիսի 23-29-ին, նրա գլխավորությամբ հայկական ուժերը պարտության են մատնել թուրքական շուրջ 13.000-անոց բանակին և կասեցրել Ապարանի կողմից նրանց մուտքը Արարատյան դաշտ:

 

Նա մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման և ամրապնդման մեջ։ Դրոն գլխավորել է հայկական զորամասերը հայ-վրացական պատերազմի ժամանակ։ Նրա գլխավորությամբ հայկական ուժերը ջախջախել են վրացական բանակին և շարժվել Թիֆլիսի ուղղությամբ:

 

Հայկական բանակի հակահարձակումը կանգնեցվել է Անգլիայի դիվանագիտական ճնշման տակ: Կարմիր բանակի կողմից Հայաստանի առաջին Հանրապետությունը ռազմակալելուց հետո Դրոն Սիլինի հետ ղեկավարել է Հայաստանը մինչև Հայաստան կժամաներ Հայհեղկոմը։

 

Հետագայում Դրոն ուղարկվել է Մոսկվա, անցել է Ռումինիա, ապա ԱՄՆ։ Դրոն ակտիվ գործունեություն է ծավալել Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ Հայաստանի գրավման պարագայում հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու նպատակով։

 

Անուրանալի դեր ունի Եվրոպայի հայերին և հայ ռազմագերիներին փրկելու գործում։ Դրոն դեռ մինչև պատերազմը կապեր ուներ Գերմանիայի բարձրատիճան պաշտոնյաների, հատկապես՝ Մ. Բորմանի ու Ա. Ռոզենբերգի և այլ զինվորականների հետ։

 

Նրա կողմից լուրջ աշխատանք է տարվել Գերմանիայի վերաբերմունքը հայության նկատմամբ փոխելու գործում։ 2-րդ Համաշխարային պատերազմի ավարտից հետո ձերբակալվել է ԱՄՆ-ի զինուժի կողմից, բայց կարճ ժամանակ անց ազատ արձակվել, որից հետո բնակություն է հաստատել Լիբանանում։

 

Բուժման նպատակով այցելել է ԱՄՆ, որի ընթացքում էլ 1956թ. մարտի 8-ին մահացել է։ Թաղվել է Բոստոնում։ 2000 թվականի մայիսի 28-ին վերաթաղվել է Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի աջ եզրաթմբի վրա:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.