Encyclopedia

Լող

Լող — մարզաձև, որն ունի 4 տարատեսակ`   կրոլ, բրաս, բատերֆլյայ և թիկնալող։

Պաշտոնական առաջնություններում տղամարդիկ մրցում են ազատ ոճի լողի 50, 100, 200, 400, 1500 մետր մրցատարածություններում, բրասի, բատերֆլյայի և թիկնալողի 100 և 200 մ մրցատարածություններում, 200 և 400 մ համալիր լողի մրցատարածությունում, ազատ ոճի 4x100 մ և 4x200 մ, ինչպես նաև 4x100 մ համալիրփոխանցալողերում։ Կանայք մրցում են նույն ծրագրով միայն 1500 մ ազատ ոճի լողի փոխարեն մեկնարկում են նույն ոճի 800 մ լողատարածությունում։

 

Ազատ ոճով կամ կրոլով լողալիս մարզիկը պառկում է ջրի վրա և առաջ է շարժվում ձեռքերի ու ոտքերի շարժումներով: Սա ամենաարագընթաց մարզաոճն է: Բրաս լողաոճով լողալիս մարզիկն առաջ է շարժվում հիմնականում ոտքերի շարժումներով, որոնք նման են գորտի հետևի թաթերի շարժումներին: Թիկնալող կամ կրոլ մեջքի վրա լողաոճի ժամանակ մեջքով ջրի վրա պառկած մարզիկը հերթականությամբ գլխից առաջ է նետում ձեռքերը և դրանցով թիավարում: Դելֆին լողաոճն օգտագործվում է միայն մրցումներում: Այս ոճով լողալիս մարզիկը ջրի վրայով միաժամանակ առաջ է նետում 2 ձեռքերը և ոտքերով հարվածում է ջրին՝ վեր ու վար, իսկ իրանով կատարում է ալիքաձև շարժումներ:
 
Լողը ֆիզիկական վարժությունների լավագույն տեսակն է`   հատկապես ծեր և թուլակազմ մարդկանց համար, որովհետև լողալիս մարմինը մասնակիորեն հենվում է ջրին: Ընդ որում՝ այդ ժամանակ վերջույթները կրում են նվազագույն ծանրաբեռնվածություն, իսկ մկաններն ու հոդերը, ինչպես հարկն է, մարզվում են, բարելավվում է մարդու սրտի և թոքերի աշխատանքը: 
 
Խոշոր մրցաշարերում լողորդի առավելագույն արագությունը 50 մ լողատարածքում 8 կմ/ժ է:
Կիրառական լողը ներառում է տարբեր երկարության և խորության սուզումներ, խեղդվողներին փրկելը, ջրային արգելքների հաղթահարումը: Գեղարվեստական կամ միաժամանակյա լողի դեպքում երաժշտության ուղեկցությամբ միայնակ, զույգերով կամ խմբով լողորդուհիները կատարում են ակրոբատիկ ջրային վարժություններ: 
 
Խաղային լողն ընդգրկում է տարբեր շարժուն խաղեր և զվարճություններ ջրում: 
Մարդը ջրի տակ կարող է գտնվել այնքան ժամանակ, որքան կարող է պահել շնչառությունը, այսինքն՝ մոտ 3 րոպե: Ստորջրյա շնչառական սարքը՝ աքվալանգը, սուզորդի օրգանիզմին մատակարարում է թթվածին և անհամեմատ մեծացնում է ջրի տակ նրա մնալու ժամանակը: Աքվալանգը 1940-ական թվականներին ստեղծել է ստորջրյա աշխարհի հետազոտող ֆրանսիացի Ժակ Իվ Կուստոն:
 
1896 թ-ից լողն ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում: Անցկացվում են նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններ: Համաշխարհային հռչակ վայելող լողորդներն են Մ. Սպիթցը, Ռ. Դեմոնթը, Ու. Մատեսը, Վ. Բուռեն, Գ. Պրոզումենշչիկովան և ուրիշներ: Հայ լողորդներից հայտնի են Փ. Փիլոյանը, Հ. Ջիլավյանը, իսկ ջրային մյուս մարզաձևերի ներկայացուցիչներից՝ ստորջրյա լողորդ Շ. Կարապետյանը (սահմանել է բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ), ջրացատկորդներ Ս. Քոչարյանը, Դ. Համբարձումյանը (Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակիր), ջրացատկորդուհի Ս. Էմիրզյանը (օլիմպիական խաղերի մրցանակակիր) և շատ ուրիշներ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.