Health Corner

Սթրեսն ու գլխացավը փոխկապակցված են

Որքան մարդու կյանքում շատ է սթրեսը, այնքան հաճախ է նա գլխացավ ունենում: Գերմանացի գիտնականները պարզել են, որ սթրեսը և գլխացավը փոխադարձաբար խթանում են միմյանց առաջացմանը:
Ամերիկյան նյարդաբանության ակադեմիայի (American Academy of Neurology) մամուլի հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հետազոտությանը մասնակցել է 21-71 տարեկան ավելի քան 5100 մարդ: Երկու տարվա ընթացքում տարեկան 4 անգամ նրանց հարցրել են սթրեսային վիճակի և գլխացավի մասին: Սթրեսի մակարդակը գնահատել են 0-100 սանդղակով:
 
Մասնակիցների 31%-ը գլխացավեր է ունեցել մկանային լարվածության դեպքում (tension-type headache), 14%-ը միգրեն է ունեցել, 11%-ը տառապել է համակցված տեսակի ցավով, իսկ 17%-ի գլխացավը չի դասակարգվել: Առաջին տիպի գլխացավ ունեցող հիվանդներն իրենց սթրեսի մակարդակը միջինում գնահատել են 52: Միգրենի դեպքում այդ ցուցանիշը կազմել է 62, համակցված տեսակի ցավի դեպքում՝ 59:
 
Ցավի յուրաքանչյուր տեսակի դեպքում սթրեսի աճը պայմանավորված է եղել ամսվա ընթացքում գլխացավերի նոպաների թվի ավելացմամբ: Մկանային լարվածության ցավի դեպքում սթրեսի մակարդակի 10 կետով ավելացումը հավասար է եղել նոպայի տևողության 6,3% աճին, միգրենի դեպքում՝ 4,3%, համակցված տեսակի ցավի դեպքում՝ 4%:
 
Հաշվարկների ժամանակ նկատի են առնվել գլխացավը խթանող այլ գործոններ ևս՝ սպիրտային խմիչքը, ծխելը կամ գլխացավի դեղերի հաճախ օգտագործումը: «Այս արդյունքները ցույց են տալիս, որ սթրեսը կարող է գլխացավերը խթանող գործոն լինել, արագացնել այդ հիվանդության քրոնիկականի վերածվելը, ինչպես նաև այն, որ հենց գլխացավը կարող է սթրես առաջացնել»,- նշել է Սառա Շրամը:
 
Աղբյուրը՝ Med.news.am
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.