Health Corner

Սմարթֆոնները կարող են վնասել երեխայի զարգացմանը

Ծնողները երեխաներին iPad-ներով խաղալու թույլտվություն տալուց առաջ մի լավ պետք է մտածեն, քանի որ հետազոտողները պարզել են, որ դրանք կարող են վնասել երեխայի խոսքի զարգացմանը։ Նրանք բացահայտել են, որ մինչ երեք տարեկան այն երեխաները, ովքեր ակտիվորեն օգտագործում են սենսորային համակարգով աշխատող սմարթֆոններ և պլանշետներ, շատ ավելի վատ և դժվարությամբ են հաղթահարել իրենց բանավոր ունակությունների ստուգման համար նախատեսված թեստերը։
Սակայն հետազոտությանը մասնակցած երեխաների  60%-ի ծնողներն անկեղծորեն համոզված էին, որ երեխաների հակումը այդ սարքերի նկատմամբ ունի դրական ազդեցություն նրանց ուսուցման և զարգացման տեսանկյունից:
 
«Ուսումնասիրության ընթացքում մենք մեծ զարմանք ապրեցինք. հայրերն ու մայրերն իրենց երեխաներին գրքեր ու խաղալիքներ չեն տալիս և փոխարինում են դրանք սմարթֆոններով։ Թվում էր, որ շատ ծնողներ պատկերացում չունեն, թե ինչպես է պետք զբաղեցնել երեխային, այդ պատճառով օգտագործում են սենսորային այս սարքերը նկարչության ու երեխայի հետ միասին ընթերցանության փոխարեն։
 
Հետազոտության արդյունքները ցույց են տվել հետևյալը՝ "Angry Birds", "Fruit Ninja" խաղացող երեխաներն ավելի վատ են կատարում բանավոր ունակություններն ստուգող թեստերը, քան այն երեխաները, ում համար այս խաղերը հասանելի չեն», - ասել է ուսումնասիրության հեղինակ դոկտոր Ռութ Միլենեյքը:
 
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ սենսորային էկրանով սարքերին ծանոթանալու ժամանակ երեխայի միջին տարիքը կազմում է 11 ամսական, և երեխաները տարվում են դրանցով ամեն օր 36 րոպե։
 
Բացի այդ, գիտնականների հետազոտած ընտանիքների 97%-ն ունեցել է սենսորային էկրանով սարքեր, սակայն նրանցից միայն 26%-ն է տեղադրել կրթական ծրագրեր այդ պլանշետների կամ սմարթֆոնների մեջ։
 
«Ոչ մի տեխնոլոգիա չի կարող փոխարինել ծնողների և երեխաների փոխհարաբերությանը: Պարզապես շփվեք Ձեր երեխաների հետ: Դա երեխաների ուսուցման և զարգացման լավագույն ճանապարհն է», - ասել է դոկտոր Միլենեյքը։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.