Encyclopedia

Մայքլ Ջորդան

Մայքլ Ջեֆրի Ջորդանն ամերիկացի նշանավոր բասկետբոլիստ է, որը հանդես է եկել որպես հարձակվող պաշտպան երկրորդ համարի ներքո։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» և «Վաշինգթոն Վիզարդս» ակումբներում։
Մայքլ Ջորդանը ծնվել է 1963 թվականի փետրվարի 17-ին Բրուկլինում (Նյու-Յորք), որտեղ նրա հայրը սովորում էր «Ջեներալ էլեկտրիկ» կազմակերպության ուսումնարանում։ Մայքլը հինգ երեխաներից չորրորդն է. ունի երկու ավագ եղբայր՝ Լարին և Ջեյմս-կրտսերը, ավագ քույր՝ Դելորիսը, և կրտսեր քույր՝ Ռոզլինը։ Մայքլի ծնունդից քիչ անց ընտանիքը տեղափոխվեց Ուոլես, որտեղ հայրն աշխատում էր գործարանում՝ որպես բեռնասարքի օպերատոր, իսկ մայրը բանկային ծառայող էր։ 1970 թվականին Ջորդանները տեղափոխվեցին ավելի խոշոր քաղաք՝ Ուիլմինգտոն, որտեղ և մեծացել էր Ջեյմսը։ Այստեղ Մայքլի ծնողները պաշտոնների բարձրացում ստացան. Ջեյմսը դարձավ արտադրամասի պետ և սարքավորումների բաժնի ղեկավար, իսկ Դելորիսը բանկում գլխավորեց հաճախորդների հետ կապերի բաժինը։ Ընտանիքը դարձավ բավականաչափ ապահովված և կարողացավ իրեն թույլ տալ նոր տուն գնել ծովափին։ Մինչ քույրերն ու եղբայրները դասերից հետո լրացուցիչ աշխատանքով օգնում էին ծնողներին, Մայքլը, ծուլանալով, ամեն կերպ խուսափում էր տնային հոգսերից։ Դպրոցում էլ առանձնապես չէր փայլում, կարգապահության հետ էլ խնդիրներ ուներ։
 
Ջորդանը զբաղվում էր մի շարք մարզաձևերով, բայց ամենաշատը սիրում էր բեյսբոլ և երազում էր ապագայում դառնալ պրոֆեսիոնալ բեյսբոլիստ։ Այս մարզաձևում Մայքլը մանուկ հասակում հասավ որոշ հաջողությունների. 12 տարեկանում իր թիմի հետ նա հասավ մինչև կրտսեր լիգայի եզրափակիչ փուլ։ Ավելի ուշ դարձավ նահանգի չեմպիոն և ճանաչվեց նահանգի լավագույն խաղացող։ Այնուհետև Մայքլը լրջորեն տարվեց բասկետբոլով, որը տեղի սևամորթ երիտասարդների շրջանում ամենատարածված մարզաձևն էր։ Ջորդանն առանձնապես աչքի չէր ընկնում բարձր հասակով և հուժկու կառուցվածքով, ուստի, սեփական թերությունները փոխհատուցելու նպատակով, կատարելագործում էր թռիչքը։ Մայքլի մշտական խաղընկերը հարազատ եղբայրն էր, որի հետ հաճախ բասկետբոլ էր խաղում տան բակում։ 
 
Ջորդանը համարվում է բոլոր ժամանակների մեծագույն բասկետբոլիստներից մեկը, ով լուրջ դեր է խաղացել 80-ականներին և 90-ականներին բասկետբոլի մասայականացման գործում։ «Չիկագո Բուլսի» կազմում Ջորդանը վեց անգամ նվաճել է NBA-ի առաջնությունը՝ 1991, 1992, 1993, 1996, 1997 և 1998 թվականներին։
Ներկա պահին հանդիսանում է «Շառլոթ Հորնեթս» ակումբի նախագահը։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.