Encyclopedia

Հայ ժողովրդի ծագումն ու կազմավորումը. Վրացական, արաբական և հին եբրայական ավանդություն ավանդություններ

Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել IX- XI դարերի վրաց հեղինակների ձեռքով (Անանուն պատմիչ, Լեոնտի Մրովելի և այլք):
Ըստ վրացական ավանդության՝ Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ՝ ավագ որդի Հայոսից`   հայերը, Քարթլոսից`   վրացիները, մյուս որդիներից`   կովկասյան մի շարք ժողովուրդներ: Դատելով հատուկ անունների վերջավորություններից`   այս ավանդությունն ունեցել է հունական ինչ-որ սկզբնաղբյուր ևս, որը մեզ չի հասել:
 
Այն որոշակիորեն կրում է կնիքն իր ստեղծման ժամանակաշրջանի քաղաքական իրավիճակի, երբ հայոց Բագրատունի արքաների ազդեցությունը տարածված էր այսրկովկասյան երկրներում: Դրանով էլ պետք է բացատրել ութ եղբայրներից Հայոսի ավագագույնը լինելու հանգամանքը:
 
Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի`   Նոյի որդիներից առաջացած լինելու պատկերացմանը: Առավել հանգամանորեն այն շարադրված է XII-XIII դարերի արաբ մատենագիրներ Յակուտիի և Դիմաշկիի երկերում: Ըստ այդ ավանդության՝ Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին) և որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները:
 
Այս ավանդությունը ազգակից է համարում հայերին, հույներին, սլավոններին, ֆրանկներին և իրանական ցեղերին: Հետաքրքիր է, որ այն պահպանել է ազգակից հնդեվրոպական ժողովուրդների միասնության շրջանից եկող հիշողությունը:
 
Հին եբրայական ավանդությունը գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I - Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում: Հաղորդման համաձայն «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Հայագիտության մեջ այդ տեղեկության սկզբնաղբյուրի և մեկնաբանության վերաբերյալ չկա միասնական տեսակետ: Կա կարծիք, որ այստեղ խոսքը Արամ նահապետի որդի Արա Գեղեցիկի մասին է:
 
Ըստ մեկ այլ տեսակետի՝ Ուրոսը կարող է լինել Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում հիշատակվող արքա «Ռուսա Էրիմենայի որդին»: Ասորեստանյան սեպագիր աղբյուրներում «Ռուսա» անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով, իսկ «Էրիմենա» անունը կարող է մեկնաբանվել և որպես անձնանուն, և որպես ցեղանուն:
 
Նշվածներից բացի, հայերի ծագման մասին պահպանվել են այլ ավանդազրույցներ ևս, որոնք, սակայն, այս կամ այն չափով կրկնում են արդեն հիշատակվածներին, չունեն սկզբնաղբյուրային նշանակություն:
 
Աղբյուրը՝ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ (www.historyofarmenia.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.