Encyclopedia

1918թ. մարտ

Մարտի 3-ին Ռուսաստանի նորաստեղծ բոլշևիկյան կառավարությունը Բրեստ-Լիտովսկում դաշինք կնքեց հակաանտանտյան պետությունների`   Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի հետ, որով փաստորեն նա դուրս եկավ Անտանտից և մերձեցավ իր նախկին հակառակորդների հետ:

Կնքելով այս պայմանագիրը`   կողմերը համաձայնության եկան այն հարցի շուրջ, որ այսուհետ նրանց միջև դադարեցվում են պատերազմական գործողությունները, և Ռուսաստանը ապահովում է իր զորքերի դուրս բերումը Արևելյան Անատոլիայից, մասնավորապես`   Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից:

Այս պայմանագիրը 1917-ի նոյեմբերի 8-ին բոլշևիկների կողմից ընդունած «Խաղաղության մասին» դեկրետի տրամաբանական շարունակությունն էր: Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը ծանր վիճակի մեջ դրեց կովկասյան ճակատի շրջաններում ապրող հայ ազգաբնակչությանը:

Այն փաստորեն չեղյալ համարեց 1917-ի դեկտեմբերի 29-ին բոլշևիկների ընդունած «Արևմտյան Հայաստանի հողերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին» որոշումը և փոխարենն ընդունեց նույն այդ հողերը Թուրքիային վերադարձնելու մասին վճիռ:

Ամիսներ անց`   սեպտեմբերի 20-ին, Ռուսաստանի կառավարությունը արտգործնախարար Չիչերինի ստորագրած նոտայով չեղյալ հայտարարեց ըստ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի Թուրքիային կովկասյան տարածքների զիջումը:

Բրեստյան թեկուզև ժամանակավոր բնույթ կրող պայմանագրով անհնար դարձավ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը Արևմտյան Հայաստանի այն տարածքների վերադարձը, որտեղ դրանից մի քանի ամիս առաջ ռուսական բանակն էր կանգնած, և որոնք կարող էին Ռուսաստանի կողմից կնքված «Թուրքահայաստանի մասին» դեկրետով Հայաստանի Հանրապետության հաստատման պահին նրա ծանրակշիռ բաղկացուցիչ մասը դառնալ:

Բրեստյան հաշտությունը լավ հնարավորություններ էր ստեղծում նվաճողական նկրտումներ ունեցող թուրքական կողմի համար: Օգտվելով ստեղծված իրավիճակից և խախտելով 1917-ի դեկտեմբերի 5-ին կնքած Երզնկայի զինանադադարը`   թուրքական բանակն անցավ հարձակման և շնորհիվ գերակշռող ուժերի`   իրար հետևից գրավեց Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին`   նաև Ալեքսանդրապոլը: Արևելյան Հայաստանի վրա կախվեց լինել-չլինելու հարցը:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.