Encyclopedia

1920թ. (մաս 1)

Հունվարի 21-ին թուրք ազգայնականների դեմ սկսվեց Մարաշի հերոսամարտը, որը տևեց մինչև 1920թ. փետրվարի 12-ը: Փետրվարի 11-ին ֆրանսիական ուժերը նահանջեցին Մարաշից: Հայերը հետևեցին ֆրանսիական բանակին, սակայն ճանապարհին ենթարկվեցին թուրքական հարձակման:

Խուժանը մորթեց, կացնահարեց հայերին ու ֆրանսիացիներին: Նահանջի ճանապարհին հայերն ունեցան 3000-5000 զոհ, իսկ ֆրանսիացիները`   800-1200 սպանված ու ցրտահարված: Կ. Պոլսի ռազմական ատյանի նիստին Մուստաֆա Քեմալը երիտթուրքերի մասին ասաց հետևյալը. «Այն փաշաները գործեցին չտեսնված, անպատմելի և անըմբռնելի ոճիրներ և իրենց անձնական շահերն ապահովելու համար երկիրը հասցրին ներկա վիճակին:

Նրանք գործադրել են ամեն տեսակի բռնություն, կազմակերպել են տեղահանություններ և ջարդեր, նավթով այրել են ծծկեր մանուկների, իրենց ամուսինների և ծնողների ներկայությամբ բռնաբարել են կանանց և աղջիկների, զավակներին, մանավանդ, աղջիկներին բաժանել են իրենց ծնողներից, բռնագրավել են հայերի անշարժ և շարժական ունեցվածքը, ամեն բռնություն գործադրելով`   հայերին տարագրել են մինչև Մուսուլ`   նրանց ողբալի վիճակի հասցնելով, հազարավոր անմեղների ծովն են նետել, մարդկանց բռնադատել են, ստիպել հավատափոխ լինել, սովալլուկ ծերունիների ամիսներով քայլեցրել և ստիպել են աշխատել, երիտասարդ կանանց նետել են որևէ ազգի պատմության մեջ նմանը չունեցող զարհուրելի հանրատները»:

Խոսրով բեկ Սուլթանովի գլխավորած թուրք մուսաֆաթական հրոսակախմբերը կոտորեցին Շուշիի ավելի քան 30 000 հայ բնակչությանը, կողոպտեցին, ավերեցին և հրկիզեցին քաղաքի հայկական մասը: Մարտի 23-ին սկսվեց Հաճընի հերոսամարտը թուրք ազգայնական ու երիտթուրքական միացյալ ուժերի դեմ և իր ավարտին հասավ 1920թ. հոկտեմբերի 15-ին: Ապրիլի 1-ին սկսվեց Այնթապի հայության հերոսամարտը, որն իր վախճանին հասավ 1921թ. փետրվարի 8-ին:

Թուրքիայում 1919 թ. փետրվարին սկսվեց երիտթուրքերի առաջնորդների դատավարությունը, որոնք մեղադրվում էին պատերազմի ընթացքում գործած հանցանքների, երկիրը կործանարար պատերազմի մեջ ներքաշելու մեջ: Առաջ քաշած մեղադրանքների մեջ առկա էր նաև Օսմանյան կայսրությունում հայերի դեմ կոտորածներ կազմակերպելու և իրականացնելու մեղադրանքը:

Սակայն երիտթուրքերի որոշ առաջնորդներին ներկայացված դատավճիռը կրում էր «հեռակա» բնույթ, քանի որ նրանք հասցրել էին պատերազմի ավարտին փախչել երկրից: Հուլիսի 5-ին հրապարակվեց երիտթուրք պարագլուխների դատավճիռը, ըստ որի, 31 հանցագործներից 4-ը`   Թալեաթը, Ջեմալը, Էնվերը և Նազիմը, դատապարտվեցին մահվան, իսկ մնացած 27-ը`   տարբեր տարիների ազատազրկման:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.