Encyclopedia

1922-1939թթ.

Օգոստոսի 4-ին Միջին Ասիայում բասմաչների և խորհրդային զորքերի բախման ժամանակ հայ զինվորական Հակոբ Մելքումովի կողմից սպանվեց Օսմանյան Թուրքիայի ռազմական նախարար Էնվերը: Թուրքական բանակը մտավ Իզմիր. սկսվեց 10 000 հայերի ու 100 000 հույների ջարդը:

Երեք օր անց Իզմիրը հրդեհվեց: Նոյեմբերի 20-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում իր աշխատանքները սկսեց Մերձավոր Արևելքի հարցերին վերաբերող միջազգային համաժողովը, որը տևեց մինչև 1923թ. հուլիսի 24-ը: Մասնակիցներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումիանիան, Հարավսլավիան, Թուրքիան և դիտորդի կարգավիճակով`   ԱՄՆ-ը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը թույլատրված չէր մասնակցել համաժողովին այն պատճառաբանմամբ, որ այդ պատվիրակությունն այլևս չէր կարող ներկայացնել Հայաստանը, որտեղ հաստատվել էին խորհրդային կարգեր:

Լոզանի համաժողովում քննարկվեց նաև Հայկական հարցը, սակայն թուրքական պատվիրակությունը Իսմեթ փաշայի և Ռիզա Նուր Բեյի գլխավորությամբ վճռականորեն հանդես եկավ Թուրքիայի տարածքում որևիցե հայկական օջախի ստեղծման գաղափարի դեմ: Ի վերջո բանակցությունների ընթացքում Թուրքիային հաջողվեց իր կամքը թելադրել Անտանտի երկրներին: Արդյունքում, Լոզանի վերջնական համաձայնագրում չկար Հայաստանի և հայերի մասին որևէ հիշատակում:

Այսպիսով, Լոզանի համաժողովով Հայկական հարցը ժամանակավորապես փակվեց, և Սևրի դաշնագրով Հայաստանին հանձնվելիք տարածքներն անհետացան Թուրքիայի Հանրապետության նորովի ընդունված սահմաններում: Անկարան անմեղ հռչակեց բոլոր այն թուրքերին, ովքեր դատապարտված էին ռազմական կամ այլ դատարանների կողմից: Ըստ թուրքական նոր օրենքի`   մեկընդմիշտ արգելվեց հայերի վերադարձը Թուրքիա: Կայացավ Պոնտոսի հայերի և հույների տեղահանությունը:

1939թ.-ի հունիսին հակառակ տեղի բնակչության կամքին և Սիրիայի ընդդիմանալուն, Ալեքսանդրետի սանջակը բռնակցվեց Թուրքիային, որի հետևանքով հուլիսի 16-23-ը ընկած ժամանակահատվածում տեղաբնակ շուրջ 40.000 հայերը լքեցին իրենց բնակավայրը և հաստատվեցին Սիրիայում ու Լիբանանում: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ առաջ Ադոլֆ Հիտլերը, ելույթ ունենալով իր զինվորների առաջ, կոչ արեց նրանց «...անխնա կոտորել լեհական ռասայի բոլոր մարդկանց`   տղամարդ, կին, երեխա», և ավարտեց իր խոսքերը հետևյալ հարցով. «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին... »:

Աղբյուրը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 
(genocide-museum.am)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.