Encyclopedia

Արա Սարգսյան

Քանդակագործ Արա Սարգսյանը ծնվել է 1902թ. ապրիլի 7-ին Կոստանդնուպոլսում: 1918-1921թթ. սովորել է Կոստանդնուպոլսի գեղարվեստի վարժարանում, այնուհետև Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն դպրոցում`   աշակերտելով Էդմոնդ Հելմերին և Յոզեֆ Մյուլներին (Վիեննայում տեղադրված Գյոթեի և Շտրաուսի արձանների հեղինակներին):
1925թ-ին Խորհրդային Հայաստանի քաղաքացիություն է ընդունել և եկել է Սովետական Հայաստան:
Հանճարեղ քանդակագործ Արա Միհրանի Սարգսյանը եղել է Հայաստանի Նկարիչների Միության հիմնադիրը, դրա առաջին նախագահը և գլխավոր քարտուղարը (1932-1937թթ.); Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի հիմնադիրը, առաջին ռեկտորը (1945-1959թթ.) և քանդակագործության ամբիոնի վարիչը; ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՄ և ՀԽՄՀ ժողովրդական նկարիչ:
 
Սակայն նրա կենսագրությունում կա մի հետաքրքրական փաստ, որը նա թաքցրել է իր ողջ կյանքի ընթացքում: 1920-ական թվականներին Հռոմում և Վիեննայում ուսանելու տարիներին Արա Սարգսյանը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ՙՆեմեզիս՚ գործողության իրականացմանը: 1921թ. Կոստանդնուպոլսից գալով Հռոմ, Կոստանդնուպոլսի կուսակցական ընկերների`   մասնավորապես Արշավիր Շիրակյանի խորհրդով, Արա Սարգսյանը ներկայանում է Իտալիայում ՀՀ ներկայացուցչություն`   Միքայել Վարանդյանին: Վերջինս աշխատանքի է վերցնում խելացի, վեց լեզուների տիրապետող և ընդհատակյա աշխատանքի փորձ ունեցող այդ երիտասարդին: Քանի որ Արա Սարգսյանը գերազանց տիրապետում էր թուրքերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներին, նա Գրիգոր Մերուժանովի հետ միասին հաճախ այցելում էր մարդաշատ վայրեր, սրճարաններ, հասարակական վայրեր`   թուրքերի խոսակցություններից և զրույցներից օգտակար տեղեկություններ ձեռքբերելու համար: Վերոհիշյալ միջոցառումների արդյունքում նրանք պարզել էին հետևյալը. Հռոմում`   Թուրքիայի նախկին վարչապետ Սայիդ Հալիմի, Բեռլինում`   հայոց ազգի ցեղասպանության կազմակերպիչների`   Ջեմալ Ազմիի և Բեհաերդին Շաքիրի գտնվելու վայրերը: Այնուհետև վերոհիշյալ տվյալները հայտնել էին Արշավիր Շիրակյանին, և նա իր ընկերների (Արամ Երկանյանի) հետ միասին ի կատար էր ածել վրեժխնդրությունը:
 
Արտաքին աշխարհի հետ խմբի կապն իրականացվում էր Արա Սարգսյանի միջոցով: Նրա փոստային հասցեին էին գալիս Դաշնակցության ղեկավարության բոլոր ցուցմունքները և դրամը: Ողջ Եվրոպայի ոստիկանությանը չէր հաջողվում  գտնել խմբի հետքերը, քանի որ ոչ ոքի մտքով չեր անցնում ստուգել արվեստով տարված 19-ամյա տաղանդավոր ուսանողի փոստարկղը:
 
“Նեմեզիս” գործողության բոլոր մասնակիցները ճանաչվել են հերոսներ: Ինչ վերաբերվում է Արա Սարգսյանին, նրա անունը հերոսների շարքում նշվել է Ա.Ս. սկզբնատառերով, մասնավորապես Արշավիր Շիրակյանի “Կտակն էր նահատակներուն”, Գրիգոր Մերուժանովի “Իմ կտակը”, Արամ Երկանյանի “Այդպես մենք վրեժ լուծեցինք” գրքերում`  նպատակ հետապնդելով նրան վտանգի չենթարկել, քանի որ նա բնակվում էր Սովետական Հայաստանում:
 
Նույնիսկ գտնվելով Սովետական Հայաստանում`   նա իր կյանքի վերջում ստեղծել է “Մայր Հայաստան” մոնումենտալ քանդակը, որը մի շարք արվեստագետների կողմից ճանաչվել է որպես Նեմեզիդա`   հունական դիցաբանության արդար հատուցման և վրեժխնդրության աստվածուհի: 
 
Արա Սարգսյանի բազում քանդակները զարդարում են ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր քաղաքներ: 1973թ-ից Երևանում գործում է  “Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանը”, որտեղ ցուցադրված են մեծ քանդակագործի տասնյակ քանդակներ: 
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.