Encyclopedia

Ռաբինդրանաթ Թագոր

Ռաբինդրանաթ Թագոր (1861, մայիսի 7 - 1941, օգոստոսի 7), հնդիկ բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1913թ.)։ Ծնվել է Կալկաթայում, եղել է ընտանիքի 14-րդ երեխան։
Իր ուշիմության, ընդունակությունների համար Թագորին անվանել են «մահարշի», այսինքն՝ իմաստուն։ Չնայած Թագորի ընտանիքը եղել է բավական ունևոր՝ ապրել են սովորական կյանքով։ 1875թ.-ին զրկվել է մորից։ Նախնական կրթությունն ստացել է տանը, ապա սեմինարում։
 
Սովորել է նաև բենգալական ակադեմիայում, որտեղ ուսումնասիրել է Հնդկաստանի մշակույթը և պատմությունը։ 1878թ.-ին Թագորը հրատարակել է իր անդրանիկ գործը՝ «Բանաստեղծի պատմությունը» պոեմը։
 
Ընտանիքում չէին գնահատում Թագորի գրական հակումները, և հայրը նրան ուղարկում է սովորելու Լոնդոնի համալսարան, ուր նա զբաղվել է իրավագիտությամբ։ Չստանալով իրավաբանի դիպլոմ՝ Թագորը վերադառնում է հայրենիք։
 
Թագորն ամուսնացել է 1883թ.-ին և ունեցել հինգ զավակ։ Կինը՝ Մրինալինի Դեբին, զուգահեռաբար սովորել և դարձել է իր ժամանակի ամենազարգացած կանանցից մեկը։ Նա է հնդկերենից անգլերեն թարգմանել «Ռամայանա» էպոսը։ 1901թ.-ին Թագորը հինգ ուսուցչի հետ բացել է սեփական դպրոց։
 
1902թ.-ին վախճանվել է կինը, ապա երկու երեխաները։ 1907թ.-ին՝ հոր մահից հետո, Թագորը դարձել է հոր հարուստ կալվածքի տերը։ Թագորի բանաստեղծությունների առաջին ժողովածուն եղել է «Իրիկնային երգերը» (1882թ.)։
 
1905թ.-ին՝ Բենգալիայում ազգային ազատագրական շարժման վերելքի ժամանակ, Թագորը եղել է այդ շարժման առաջամարտիկներից մեկը, գրել է հայրենաշունչ բանաստեղծություններ, այդ թվում՝ «Իմ ոսկե Բենգալիա»-ն, որը դարձել է Բենգալիայի ազգային օրհներգը։
 
«Գորա» (1907-10թթ.) վեպում հեղինակը կոչ է անում միավորվել ու պայքարել ազատության համար։ «Զոհաբերության երգեր»-ը («Գիթանջալի») 1912թ.-ին անգլերեն է թարգմանել Թագորը։ Թագորն իր արձակ բանաստեղծությունների համար արժանացել է Նոբելյան մրցանակի (1913թ.)։
 
Նա դարձել է 13-րդ Նոբելյան դափնեկիրը գրականության գծով, մրցանակի լուրը նրան է հասել1913թ.-ի նոյեմբերի 13-ին։ Նոբելյան մրցանակը մի քանի ամիս հետո Թագորին է հանձնել Հնդկաստանի գեներալ-նահանգապետը։
 
Մրցանակի դրամական մասը մեծ գրողը զոհաբերել է իր հիմնած դպրոցի զարգացման ու կատարելագործման համար: Այդ հիմքի վրա էլ ստեղծվել է անվճար սովորողների համար համալսարան։ 1915թ.-ին Անգլիայի թագավորից Թագորն ստացել է ասպետական կչում։
 
Օքսֆորդի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի աստիճան: Թագորը շատ է ճանապարհորդել, եղել է Եվրոպայի շատ քաղաքներում, Ճապոնիայում, Չինաստանում, Ամերիկայում: 1930թ.-ին եղել է ԽՍՀՄ-ում։ 1931թ.-ին լույս է տեսել Թագորի «Նամակներ Ռուսաստանի մասին» ակնարկաշարը։
 
1911թ.-ին գրած «Ժողովրդի ոգին» բանաստեղծությունը դարձել է Հնդկաստանի ազգային օրհներգը։ Կյանքի վերջին տարիներին Թագորն ապրել է Կալկաթայի մոտ՝ իր հայրական կալվածքում, և գրել է հիմնականում փիլիսոփայական շնչով գրական ստեղծագործություններ։ Թագորի ստեղծագործությունները հայերեն թարգմանվել են 1913թ.-ից։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.