Encyclopedia

Աստղադինամիկա

Երկնային մեխանիկայի բաժին, զբաղվում է արհեստական երկնային մարմինների շարժման ուսումնասիրությամբ։ Ի տարբերություն դասական երկնային մեխանիկայի՝ աստղադինամիկան, բացի նյուտոնյան ձգողական ուժերից, հաշվի է առնում նաև Երկրի մթնոլորտի դիմադրությունը, Արեգակի ճառագայթման ճնշումը, Երկրի մագնիսական դաշտում գործող ուժերը և արհեստական երկնային մարմինների կառավարման (նրանց վրա տեղադրված հրթիռային շարժիչների միջոցով) հետ կապված լրացուցիչ այլ ուժեր։

Վերջիններս հաշվի առնելու դեպքում բարդանում են շարժման հավասարումները և նրանց լուծումները պահանջում են նոր (հաճախ նաև թվային) մեթոդներ։ Աստղադինամիկայի յուրօրինակ խնդիրներից է ուղեծրի նախագծումը, որի նպատակն է արձակման ու կառավարման որոշակի պայմանների դեպքում ստանալ տվյալ առանձնահատկություններով շարժում:

Կարևոր է ուղեծրի փոփոխման խնդիրը`   մարմնի մի ուղեծրից մյուսից անցնելու համար (էներգիայի նվազագույն ծախսմամբ, հնարավոր կարճ ժամանակամիջոցում և այլն)։ Այս խնդիրների հետ են կապված, օրինակ Երկիր-Մարս-Երկիր տիպի թռիչքները, արհեստական մարմնի վերադարձը Երկիր, վայրէջքը Լուսնի վրա:
 
Աստղադինամիկայի խնդիրներից են նաև արհեստական երկնային մարմինների շարժման տեսությունների մշակման, կոորդինատների տված համակարգի նկատմամբ արհեստական երկնային մարմնի կայունացումը, նրա պտտական շարժման նախագծումը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.