Encyclopedia

Ջուբրան Խալիլ Ջուբրան

Ջուբրան Խալիլ Ջուբրանը (անգլ.՝ Gibran Khalil Gibran, արաբ․՝ جبران خليل جبران‎‎) (հունվարի 6, 1883 - ապրիլի 10, 1931), լիբանանցի և ամերիկացի գրող և բանաստեղծ, փիլիսոփա և նկարիչ է:

Ծնվել է 1883 թ.-ի հունվարի 6-ին մարոնական քրիստոնյա ընտանիքում, Հյուսիսային Լիբանանի Բեշարե (Բշար) գյուղում։ Հայրն անվանակոչում է որդուն իր գերդաստանի անունով՝ Ջուբրան Խալիլ Ջուբրանը, որով էլ հայտնի է արաբ գրականությունում, իսկ Ամերիկան և Եվրոպան նրան ճանաչում են Քահլիլ Ջուբրան անունով։ 1894 թ.-ին մայրը՝ Քամիլիե Ռահմեն, իր չորս զավակների հետ մեկնում է Հյուսիսային Ամերիկա՝ բնակության վայր ընտրելով Բոստոն քաղաքը, ուր ապրում են ամենաաղքատ թաղամասերից մեկում՝ չինական թաղում։

 

1896 թ.-ին Ջուբրանը Բոստոնից մենակ վերադառնում է Բեյրութ՝ Մադրասաթ ալ-Հիքմայում (Իմաստության դպրոց) ուսումը շարունակելու։ Բեյրութում մնում է չորս տարի։ 1901 թ.-ին գեղանկարչության և գրաֆիկայի մեջ կատարելագործվելու համար մեկնում է Փարիզ, ուր հաճախում է Ռոդենի դասախոսություններին, դրանցից մեկի ժամանակ իմացավ բանաստեղծ, նկարիչ Վիլյամ Բլեյքի մասին, որը զգալի ազդեցություն թողեց Ջուբրանի վրա։ Ռոդենը հետագայում իր աշակերտին կոչում էր "քսաներորդ դարի Բլեյք"։

 

1903 թ.-ին քրոջ մահվան և եղբոր ու մոր հիվանդության լուրերը նրան նորից Ամերիկա են բերում, և նույն տարում Ջուբրանը կրկնակի հարված է ստանում: Թոքախտից մահանում է եղբայրը, քաղցկեղից՝ մայրը։

 

1908 թ.-ին նորից մեկնում է Փարիզ՝ գեղարվեստի ուսումը շարունակելու։ Երկու տարի անց նա վերադառնում է Ամերիկա, բայց արդեն բնակության վայր ընտրելով Նյու Յորքը, ուր կենտրոնացած էր գրական մշակութային կյանքը։

 

1920 թ.-ին Նյու Յորքում արաբ տարագիր գրողները ստեղծեցին «Գրչի ընկերությունը», որն իր առջև նպատակ էր դրել՝ ազգային գրականությունը վերածելու հասարակական ակտիվ ուժի։

Թեև ընկերության անդամները հարում էին գրական տարբեր ուղղությունների, գրում էին տարբեր ոճերով, բայց համախմբել էին իրենց ուժերը՝ Ամերիկայում և Արաբական Արևելքում արաբերեն լեզվի ու գրականության զարգացումը խթանելու, հաղթահարելու պահպանողականության արգելքը, կապվածությունը հին, դասական պատկերավորմանը և որոնելու գեղարվեստական նորանոր մեթոդներ ու ձևեր։

 

Տարագիրների երիտասարդ սերունդը, ով Ամերիկա էր եկել պատանեկան հասակում, իր վրա էր կրում երեք մշակույթների ազդեցությունը՝ ամերիկյան, եվրոպական, արաբական։ Ընկերության տասը անդամներից յոթը լիբանանցիներ էին, իսկ երեքը՝ սիրիացիներ:

 

Մինչև Գրչի ընկերության ստեղծումը արաբական պոեզիայում ավանդական չափերն էին գերիշխողը։ Այս ընկերության անդամները, եվրոպական և ռուսական գրականության ազդեցության տակ, ստեղծեցին բանաստեղծական ձևաչափերի նոր տեսակներ, որոնք մեծ տարածում գտան արաբական պոեզիայում։ Լայն զարգացում ստացավ ակնարկի ու արձակ բանաստեղծության ժանրը։

 

1931 թ.-ի ապրիլի 10-ին մահացավ Ջուբրան Խալիլ Ջուբրանը՝ քսաներորդ դարի Բլեյքը։

Ապրելով ընդամենը 48 տարի՝ թողել է գրական հարուստ ժառանգություն և՛ արձակ, և՛ չափածո՝ գրված անգլերենով և արաբերենով:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.