Encyclopedia

Կարեն Սիմոնյան

Կարեն Արամի Սիմոնյան (մարտի 17՝ 1936 թ․, Երևան - հուլիսի 9, 2018 թ․, Փարիզ՝ Ֆրանսիա)՝ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հասարակական գործիչ։

Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտության ֆակուլտետը (1958 թ․)։ Աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում որպես խմբագրության վարիչ (1960-1968 թթ․), եղել է «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ (1968-1971 թթ․), «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիր (1975-1982 թթ․)։

 

1982 թվականից՝ «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ Սիմոնյանի ստեղծագործություններն ուշագրավ երևույթ են հայ գիտաֆանտաստիկ գրականության մեջ։ «Մարսեցիները» (1957 թ․) պատմվածքների ժողովածուում, «Կապարե մարդկանց գաղտնիքը» (1959 թ․) վեպում, «Երկրորդ արևը, Փոքր Առյուծի Ադամը, Վալտեր Բուշ» (1962 թ․) վիպակաշարում գրողը շոշափում է տեխնիկական առաջընթացի հետ կապված հոգեբանական ու բարոյահասարակական խնդիրներ։

 

«Մենք խաղալ էինք ուզում» (1963 թ․), «Ժպիտը» (1964 թ․), «Մարգագետին» (1967 թ․), «Մոգական պատմություն» (1980 թ․) ժողովածուներում աստիճանաբար խորացել է հոգևոր կայուն արժեքներին ապավինելու գիտակցությամբ մարդու կոչմանը հավատարիմ մնալու՝ հեղինակի հիմնական թեման։

 

«Սիցիլիական պաշտպանություն» (1965 թ․) իրապատում վեպում գրողն արծարծել է անհատի քաղաքացիական ակտիվության խնդիրը։ «Ներսես Մաժան դեղագործը» (1974 թ․) ֆանտաստիկ վեպում ցույց է տվել, թե ապամարդկայնացման ինչպիսի վտանգ է սպառնում այն հասարակությանը, որը չի ժառանգում ժողովրդի պատմության հիշողությունն ու բարոյական ավանդները։ Գրել է նաև մանկապատանեկան պատմվածքներ, «Թափառող մոլորակը» (1961 թ․) և «Ցտեսություն, Նաթանայել» (1975 թ․) վիպակները։ Նրա «Թող կատարվի քո երազանքը» պիեսը բեմադրել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը (1972 թ․)։

 

Սիմոնյանի սցենարներով նկարահանվել են «Խոսրովի անտառը» (1972 թ․) և այլ ֆիլմեր։ Գրել է «Նալբանդյան» վարքագրությունը (1984 թ․), թարգմանել է Ռեյ Բրեդբերիի, Ջոն Սթեյնբեքի, Ջեկ Լոնդոնի, Գաբրիել Գարսիա Մարկեսի և այլոց գործերից։ Սիմոնյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն և այլ լեզուներով։

 

Գրքեր.

  • Մարսեցիները (Երևան, 1957 թ․, 88 էջ)
  • Մեդուզայի շոշափուկներում (Երևան, 1958 թ․, 128 էջ)
  • Կապարե մարդկանց գաղտնիքը (Երևան, 1959 թ․, 424 էջ)
  • Թափառող մոլորակը (Երևան, 1961 թ․, 308 էջ)
  • Երկրորդ արևը, Փոքր Առյուծի Ադամը, Վալտեր Բուշ (Երևան, 1962 թ․, 264 էջ)
  • Մենք խաղալ էինք ուզում (Երևան, 1963թ․, 108 էջ):
  • Ժպիտը (պատմվածքներ), Երևան, 1964, 72 էջ:
  • Սիցիլիական պաշտպանությունը, Երևան, 1965, 300 էջ:
  • Մարգագետին (պատմվածքներ), Երևան, 1967, 108 էջ:
  • Ներսես Մաժան դեղագործը, Երևան, 1974, 360 էջ:
  • Ցտեսություն, Նաթանայել, Երևան, 1975, 240 էջ:
  • Մոգական պատմություն, Երևան, 1980, 292 էջ:
  • Կանչող, կանչող մի աշխարհ, Երևան, 1983, 544 էջ:
  • Երկիր են վերադառնալու երեքը, Երևան, 1987, 624 էջ:
  • Քարանձավային պատմություններ կամ 1993, Երևան, 1996, 128 էջ:
  • Homo dei կամ Բիբլիական պատմություն, Երևան, 1996, 112 էջ:
  • Վարք Խաչատուր Աբովյանի, Երևան, 2002, 124 էջ:
  • Կաւ եւ կեանք կամ Peccatum originale (թատերգութիւն), Պէյրութ, 2004, 103 էջ:

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.