Encyclopedia

Մեսրոպ Հարությունյան

Հայ արձակագիր, լրագրող Մեսրոպ Հարությունյանը ծնվել է 1959 թ․-ի հոկտեմբերի 19-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ 1976 թ․-ին ավարտել է Մեղրու միջնակարգ դպրոցը, իսկ 1976-1980 թթ․-ին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետում, որն ավարտելուց հետո՝ 1980-1982 թթ․-ին ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավորարևելյան ռազմական օկրուգում։

1982-1984 թթ․-ին աշխատել է Մեղրու շրջանային ֆինբաժնում։ 1983 թ․-ին ընդունվել, իսկ 1989 թ․-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (հեռակա)։ 1984 թ․-ից զբաղվել է լրագրողական աշխատանքով։ 1984-1990 թթ․-ին եղել է Մեղրու շրջանային «Արաքս» թերթի թղթակից, բաժնի խմբագիր։

 

1990-1993 թթ․-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրությունում եղել է բաժնի խմբագիր, գլխավոր խմբագրի տեղակալ, 1993-1994 թթ․-ին՝ ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, 1994-1997 թթ․-ին՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1997-1998 թթ․-ին՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1998-1999 թթ․-ին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության գործադիր տնօրեն։

 

1999-2009 թթ․-ին եղել է Երևանի մամուլի ակումբի փորձագետ, 2003 թ․-ից՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ։ 2004 թ․-ից դասավանդում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության բաժնում։ Կատարելագործվել է Բեռլինում՝ ժուռնալիզմի միջազգային ինստիտուտում («Մեդիա օրենսդրություն և մեդիամենեջմենթ» երկամսյա բարձրագույն դասընթաց, 1995թ․)։

 

Առաջին պատմվածքը՝ «Հարաբերական դադար»-ը տպագրվել է «Գարուն» հանդեսի 1987 թ․-ի 6-րդ համարում: Հետագայում նրա պատմվածքները հրապարակվել են «Գարուն»-ում և Հայաստանի այլ պարբերականներում: Մեսրոպ Հարությունյանը գրել է «Բացարձակ սև մարմին», «Եռանկյան չորրորդ անկյունը», «Հետհեղափոխությունն իր եզրերով», «Աբկայ. մեռնելու պարունակները», ստեղծագործությունները։

 

1985 թ․-ին Մեսրոպ Հարությունյանն արժանացել է Երիտասարդական թեմաներով գրող լրագրողների հանրապետական մրցույթի առաջին մրցանակի:

 

2012 թ․-ին «Հաշվեմատյան» պատմվածքի համար արժանացել է «Գրողուցավ» գրական կայքի երկրորդ մրցանակի, իսկ 2014 թ․-ին՝ «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակի (շնորհում են Երևանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը)։

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.