Encyclopedia

Դանթե Ալիգիերի

Դանթե Ալիգիերին ծնվել է Ֆլորենցիայի Հանրապետության (ներկայիս Իտալիա) Ֆլորենցիա քաղաքում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը անհայտ է, թեև ենթադրվում է, որ նա ծնվել է մոտ 1265 թվականին:

Դա կարրելի է եզրակացնել «Աստվածային կատակերգության» մեջ ինքնակենսագրական պատումներից։ Դրա առաջին պատումը՝ «Դժոխքը» սկսվում է «Nel mezzo del cammin di nostra vita» («Մեր կյանքի կեսճանապարհին»), որից կարելի է ենթադրել, որ նա եղել է 35 տարեկան, քանի որ ըստ Աստվածաշնչի՝ մարդու միջին տարիքը 70-ն է, և քանի որ նրա երևակայական ճանապարհորդությունը տեղի է ունեցել 1300 թվականին, նա հավանաբար ծնվել է մոտ 1265 թվականին։ Աստվածային կատակերգության Քավարան մասի որոշ տողեր հնարավորություն են ընձեռում կռահելու, որ նա ծնվել է Երկվորյակներ նշանի տակ։

 

Ծնվել է գվելֆյան ընտանիքում։ Հայրը՝ Ալիգիերո Ալիգիերին իրավաբան էր, աշխատում էր քաղաքի բանկային մի բաժանմունքում։ Դանթեն մանուկ հասակում կորցնում է մորը, իսկ պատանեկության տարիներին՝ հորը։ Մանկուց է նրա մեջ առաջացել սերը գրականության հանդեպ։

 

Երիտասարդ տարիներից նա ներգրավվում է քաղաքական դեպքերի հորձանապտույտի մեջ։ Գվելֆյան կուսակցության կողմից 1289-ի հուլիսի 11-ին Կամպալդինոյի ճակատամարտին մասնակցում է որպես հեծյալ զինվոր։ Հետո, երբ գվելֆների և գիբելինների փոխարեն հանդես են գալիս Սևերն ու Սպիտակները, անցնում է վերջինների կողմը։

 

Դանթեն հետագայում պետական բարձր պաշտոններ է վարել, կատարել դիվանագիտական պատասխանատու հանձնարարություններ։

 

Ֆրանսիական թագաժառանգ Կարլ Վալուան զորքով շարժվում է Ֆլորենցիա։ Թշնամին ուժեղ էր, սեփական ուժերով դիմադրել հնարավոր չէր։ Աղետը կանխելու համար հարկավոր էր շտապ դեսպանություն ուղարկել Հռոմի պապի մոտ։ Բոլորի հայացքներն ուղղվում են դեպի Դանթեն։ Ջովանի Բոկաչոն՝ Դանթեի առաջին կենսագիրը, պատմում է, որ երբ Դանթեին հարցրին, թե ինքն ինչ կարծիքի է, նա պատասխանեց. «Եթե ես մնամ, ո՞վ կգնա։ Եթե ես գնամ, ո՞վ կմնա»։

 

Դիվանագիտական առաքելությունից Ֆլորենցիա վերադառնալով, նա հանդիպում է Սևերի հաշվեհարդարին։

Դանթեն ընտանիքով բռնում է տարագրության տխուր ճանապարհը, այլևս Ֆլորենցիա չի վերադառնում։

Տարագրության տարիներին Դանթեն վերստին քաղաքական իրադարձությունների կենտրոնում է։

Դանթեն վերջին տարիները անցկացրել է Վերոնայում, ապա Ռավեննայում, որտեղ էլ կնքում է մահկանացուն։

 

«Քաղցր նոր ոճ»-ի ամենախոշոր դեմքը Դանթեն է, իսկ պոետական այդ դպրոցի անմահ երկը՝ «Նոր կյանքը», որը Դանթեի առաջին ստեղծագործությունն է (1290)։ «Նոր կյանքը» պարունակում է 24 սոնետ, 5 կանցոն և մեկ բալլադ։

 

«Նոր կյանքը» Դանթեն համարում է իր «հիշողությունների գիրքը», մի քաղցր պատմություն, որ նոր ճանապարհ է բացում։ «Սկսում է նոր կյանք»,- ասում է բանաստեղծը։

«Նոր կյանքի» պատմական իմաստը անհատի գիտակցության զարթոնքի բանաստեղծականացումն է, եկեղեցու իշխանությունից, ընդհանրապես՝ միջնադարյան կապանքներից մարդու ազատագրման միտումի առաջին գեղարվեստական արտահայտությունը եվրոպական գրականության մեջ։ Սա է Դանթեի նորարարությունը։ Նա ճեղքում է միջնադարյան պատնեշները և ճանապարհ բացում դեպի Պետրարկան ու Բոկաչոն, դեպի Վերածնություն։

 

«Նոր կյանքից» հետո Դանթեն զբաղվում է փիլիսոփայության, գիտության և պատմության ուսումնասիրությամբ, որոնք շարադրված են «Խնջույք» (1303-1306), «Ժողովրդական ճարտասանոթյուն» (1303-1306) աշխատություններում։

 

Այս երկերում ամփոփված են բանաստեղծի քաղաքական, գիտական, փիլիսոփայական և գեղագիտական հայացքները։ Այս երկերը կամուրջ են, որ տանելու էին «Աստվածային կատակերգություն»։

Դանթեի քաղաքական իդեալները շարադրված են և «Խնջույքում», և ավելի մանրամասն՝ «Միապետություն» աշխատությունում։

 

Բանաստեղծի մահից մի քանի տարի անց՝ 1329 թվականին, կարդինալ Պոշետոյի վճռով «Միապետության» ձեռագիր օրինակները այրվում են։ 1554-ին, երբ սկսում է դեֆորմացիան, Դանթեի այս գործը շուրջ վեց հարյուր տարի՝ մինչև 1896-ը, կալանքի տակ էր։

 

Դանթեի գլուխգործոցը « Աստվածային կատակերգություն»-ն է, որը նա գրել սկսել է 1308 թվականին, ավարտել՝ 1321 թվականին։

Վերնագիրը եղել է «Կատակերգություն»։ Աստվածային մակդիրն ավելացրել են հետո։

Պոեմը բաղկացած է երեք մասից.

Դժոխք

Քավարան

Դրախտ

 

Սրանք իրենց հերթին բաժանվում են առանձին մասերի. «Դժոխքը» բաղկացած է ինը պարունակից, «Քավարանը» յոթ բոլորակից, «Դրախտը» երկնային ինը ոլորտներից։ Մասերից յուրաքանչյուրը բաղկացած է 33 երգից։ Նախերգանքի հետ միասին բոլորը 100 երգ։ Պոեմը գրված է տերցիններով՝ հանգավոր եռատողերով։

 

Պոեմի գործողությունները կատարվում են հանդերձյալ աշխարհում, գործող անձինք մարդկանց հոգիներն են։ Գործող անձերի մեծագույն մասը պատմական ծանոթ, իրական մարդիկ են։ Բանաստեղծը պատմում է նրանց հոգիների և երկրային գործերի, կենդանի ժամանակ կատարած արարմունքների մասին։ Պոեմը պատմողական ձև ունի։ Սյուժետային հենքը բանաստեղծի երևակայական ճանապարհորդությունն է անդրշիրիմյան աշխարհ՝ դժոխքում, քավարանում, դրախտում։ Այս առանցքի վրա է հյուսված պոեմի կոմպոզիցիան:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.