Encyclopedia

Զինծառայողի իրավունքները ռազմական ոստիկանության և քննչական մարմինների հետ հարաբերություններում

Որպեսզի ռազմական ոստիկանության կամ քննչական մարմինների հետ հարաբերություններում զինծառայողի իրավունքները չխախտվեն, կարևոր է, որ զինծառայողն իմանա իր իրավունքներն ու դրանք պաշտպանելու եղանակները:

Ռազմական ոստիկանության կամ քննչական մարմինների կողմից իրականացվող վարույթների շրջանակներում զինծառայողը կարող է ունենալ վկայի, տուժողի, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, կամ չունենալ վերը նշված կարգավիճակներից ոչ մեկը, եթե դեռևս չկա հարուցված քրեական գործ:

 

Յուրաքանչյուր դեպքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է անձին պարզաբանել իր կարգավիճակից բխող իրավունքներն ու պարտականությունները, պարտականությունները չկատարելու հետևանքները, իր մասնակցությամբ իրականացվող գործողության իրականացման կարգը:

 

Եթե զինծառայողի պահանջով իր իրավունքները չեն պարզաբանվում, կամ նույնիսկ եթե իրավունքների պարզաբանումից հետո զինծառայողը չի կողմնորոշվում իր իրավունքների և պարտականությունների իրականացման հարցում, ինչպես նաև այն դեպքերում, երբ զինծառայողը դժգոհ է իրավապահ մարմինների կողմից իր նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքից, վերջինս իրավունք ունի օգտվելու փաստաբանի կողմից ցուցաբերվող իրավաբանական օգնությունից և իր մասնակցությամբ իրականացվող գործողություններին մասնակցել փաստաբանի հետ:

 

Օրենքով նախատեսված որոշակի դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին: Մյուս դեպքերում փաստաբանի մասնակցությունը պետք է ապահովվի զինծառայողի կողմից և նրա միջոցներով:

 

Ընդ որում, իրավաբանական օգնությունից օգտվելու իրավունքը որևէ սահմանափակման ենթակա չէ, կապ չունի, թե ինչ գործողություն է իրականացվում վարույթն իրականացնող մարմնի կողմից, հետևաբար, եթե ռազմական ոստիկանության աշխատակիցները կամ քննչական մարմինները որևէ կերպ խոչընդոտում են փաստաբանական օգնություն ստանալու իրավունքի իրականացմանը, զինծառայողը կարող է հրաժարվել իր մասնակցությամբ իրականացվող ցանկացած գործողության մասնակցելուց այնքան ժամանակ, քանի դեռ փաստաբանի ներկայության խոչընդոտները վերացված չեն:

 

Այն դեպքում, երբ չկա հարուցված քրեական գործ և զինծառայողը հրավիրվում է վարույթն իրականացնող մարմնի մոտ բացատրություններ տալու, նա կարող է բացատրություններ տալ կամ հրաժարվել դրանք տալուց:

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.