Encyclopedia

Հավելված 8․ Պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու հիմք հանդիսացող ընտանեկան պայմանները

Պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու իրավունք ունի այն զինծառայողը, ով ունի`  

1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը)

 

ա. չունեն այլ զավակ

բ. ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի`   օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ,

 

2) առանց մոր մեծացող երեխա,

3) երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների,

4) երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով վեցամսյա հղիության մեջ գտնվող կին,

 

5) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ, կամ կա այդպիսի անձ, որը, սակայն, ունի հաշմանդամության խումբ կամ դատարանի`   օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է:

 

Վերը նշված 1-ին մասի 5-րդ կետի իմաստով`   ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, քույրը, եղբայրը, տատը, պապը, ինչպես նաև խնամակալ կամ հոգաբարձու ճանաչված այլ անձը:

 

Վերը նշված 1-ին մասի 1-ին կետի իմաստով քաղաքացին համարվում է միայնակ ծնող ունեցող, եթե

 

  1. մյուս ծնողը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած,
  2. մյուս ծնողն անհայտ է (օրենքով սահմանված կարգով հայրություն կամ մայրություն չի ճանաչվել) կամ դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող,
  3. մինչև քաղաքացու 18 տարին լրանալն առնվազն հինգ տարի առաջ ծնողներն ամուսնալուծվել են, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին,
  4. ծնողների ամուսնությունն օրենքով սահմանված կարգով չի գրանցվել, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին:

 

Եթե առկա են պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու այլ հիմքեր, որոնք նախատեսված չեն վերը նշված կետերում, քաղաքացին զինվորական ծառայությունից կարող է արձակվել նաև իր դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:

 

Օրենքով սահմանված որոշակի ընտանեկան պայմաններից ելնելով պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու իրավունքը չի տարածվում այն զինծառայողների վրա, ովքեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքել են պայմանագիր և զինվորական ծառայության են անցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում (տե՛ս հավելված 2):

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ ենթակետ,

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասեր։

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.