Encyclopedia

Առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն

ՀՀ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ իրականացվում է նրանց առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն:

Զինվորական հաշվառման վերցնելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում է առաջնահերթ և անվճար:

 

Քաղաքացին իրավունք ունի՝

▪ ծանոթանալու իր առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության ընթացքին,

▪ ստանալու դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը։

Այսինքն, քաղաքացին կարող է բժշկական հանձնաժողովից պահանջել բոլոր նշված տեղեկությունները՝ գրավոր տեսքով։ Բացի այդ, իր առողջական վիճակի կամ հետազետության արդյունքում տրված եզրակացության վերաբերյալ քաղաքացին կարող է.

▪ ներկայացնել առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ,

▪ բողոքարկել իր առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացությունը:

 

Հանրապետական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների գործունեության կամ կայացրած որոշումների (տրված եզրակացությունների) վերաբերյալ բողոքներ ներկայացնելը չի կասեցնում դրանց կատարումը և դրանք ենթակա են կատարման մինչև այդ որոշումների (տրված եզրակացությունների) վերանայումը:

 

Զորակոչային հանձնաժողովների, իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների որոշումները, տրված եզրակացությունները դրանց կայացման օրվանից եռօրյա ժամկետում տրվում են քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին:

 

Հանրապետական զորակոչային հանձնաժողովի որոշումները դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասեր,

2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասեր։

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.