Encyclopedia

Մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու արգելք

Ծառայության վայրեր նշանակված շարքային կազմի պարտադիր զինծառայողները մինչև զինվորական երդում տալը համարվում են նորակոչիկներ: Նորակոչիկները չեն կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ կամ ներգրավվել ռազմական գործողություններում:

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ ընդգրկելու սահմանափակումներ են նախատեսված նաև ընտանեկան պայմանների հիմքով (տես՝ հավելված 7):

 

Ընտանեկան պայմանների հիմքով մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակումները, սակայն, չեն գործում, եթե նման իրավունք ունեցող զինծառայողը ցանկություն է հայտնել ընդգրկվելու մարտական հերթապահության մեջ կամ ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում անցնել զինվորական ծառայություն և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքել է համապատասխան պայմանագիր:

 

Մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել և ռազմական գործողություններում չի կարող ներգրավվել նաև այն զինծառայողը, որն առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության համաձայն պիտանի է զինվորական ծառայության համար սահմանափակումով, և այդ սահմանափակումներն իրենց բնույթով արգելք են հանդիսանում մարտական հերթապահություն իրականացնելու կամ ռազմական գործողությունների մասնակցելու համար:

 

Արգելվում է մարտական հերթապահության նշանակել նաև այն զինծառայողներին, որոնց նկատմամբ քրեական գործով վարույթի ընթացքում որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասեր,

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 365-րդ կետ։

 

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.