Encyclopedia

Առողջական խնդիրներ՝ զինվորական ծառայության ընթացքում

Յուրաքանչյուր զինծառայող պետք է հոգ տանի իր առողջության պահպանման համար և չպետք է թաքցնի իր հիվանդությունը: Զինվորական ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ունեցող զինծառայողն ունի բուժման իրավունք:

Հիվանդանալու դեպքում նա պարտավոր է այդ մասին անմիջապես զեկուցել իր անմիջական պետին և նրա թույլտվությամբ դիմել գնդի բուժկետ`   բժշկական օգնություն ստանալու:

 

Բուժօգնության կարիք ունեցողներին առավոտյան ստուգման ընթացքում վաշտի հերթապահը գրանցում է հիվանդների գրանցման գրքում`   նրանց գնդի բուժկետ ուղարկելու համար: Հանկարծակի հիվանդացած կամ վնասվածք ստացած զինծառայողներն օրվա ցանկացած ժամին անհապաղ ուղարկվում են գնդի բուժկետ:

 

Բուժզննում անցնելուց հետո հիվանդները բուժման են ուղարկվում գնդի բուժկետ, գնդից դուրս գտնվող բուժհիմնարկ (հոսպիտալ, հիվանդանոց) կամ նրանց նշանակվում է ամբուլատոր բուժում`   պայմանավորված հիվանդության բնույթով:

 

Արձակուրդի կամ գործուղման ժամանակ հիվանդացած զինծառայողներին ստացիոնար բուժման են ուղարկում զինվորական պարետները կամ զինվորական կոմիսարները:

 

Զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ:

 

Իրավական հիմքեր.

1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մաս,

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 236-րդ, 337-րդ, 350-րդ, 351-րդ, 352-րդ, 357-րդ կետեր։

 

 

 

The articles in this section are aligned with the "Human Rights in the Army" guide developed by the Peace Dialogue NGO.
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.