Encyclopedia

ԶՈՐԱՄԱՍԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇԸ

ՀՀ զինված ուժերի զորամասերում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է գտնվում զորամասի մարտական դրոշը, որը խորհրդանշում է զինվորական պատիվը, արիությունն ու փառքը:

           Այն յուրահատուկ հիշեցում է հանդիսանում յուրաքանչյուր զինծառայողի համար՝ անձնվիրա­բար ծառայել հայրենիքին, քաջաբար պաշտպանել մայր հողի ամեն մի թիզը, սեփական կյանքից առավել  գնահատել  ու  սրբագործել Հայրենիքը:

 

            Զորամասերին մարտական դրոշը հանձնվում է նրա կազմավորման ժամանակ՝ պաշտպա­նության նախարարի հանձնարարությամբ, որի հետ միաժամանակ զորամասին է տրվում նաև ՀՀ նախագահի պահպանագիրը:

 

            Մարտական դրոշը պետք է մշտապես գտնվի տվյալ զորամասում՝ պահպանվելով վերջինիս գոյության ողջ ընթացքում, անկախ անվանման և համարակալման փոփոխություններից: Եթե փոխվում է զորամասի  անունը և (կամ) համարակալումը, ապա այդ փոփոխությունները վերադաս հրամանատարը (պետը) գրանցում է պահպանագրում և հաստատվում է զինանշան կնիքով:

 

Մարտական դրոշը զորամասի շտաբում տեղադրվում է ապակեպատ տարածքում, որը պետք է սարքավորված լինի հրշեջ ազդարարման և ձայնաազդանշանային համակարգերով:

 

Զորամասի հրամանատարի հրամանով տոնական օրերին մարտական դրոշի ապակեպատ տարածքի դիմաց կարող է կարգվել ժամապահ`   երկու հերթափոխով, առավել պատրաստված զինծառայողներից:

 

Մարտական դրոշը զորամաս է դուրս բերվում միայն դրոշակակիր դասակի պահպանության ներքո:

 

Մարտական դրոշի ճիշտ պահպանման համար անմիջականորեն պատասխանատվություն է կրում զորամասի շտաբի պետը, ով պարտավոր է շաբաթական առնվազն մեկ անգամ ստուգել պահպանության գործընթացը:

 

Ռազմական իրադրությունների ժամանակ մարտական դրոշը պետք է գտնվի զորամասի մարտական գործողությունների շրջանում, և զորամասի ողջ անձնակազմի պարտքն է անձնազոհաբար պաշտպանել այն  թշնամու հավանական զավթումից:

 

            Մարտական դրոշի կորուստը անթույլատրելի է, որի դեպքում զինվորական մասի հրամանատարը և նման անպատվության անմիջական մեղավորություն ունեցող զինվորականները ենթակա են պատասխանատվության օրենքով սահմանված կարգով, իսկ զինվորական մասը' կազմալուծման:

 

 

Իրավական հիմքեր՝

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք   

Հավելված 2,

Հավելված 3, կետ 3, 21 25, 26, 28

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.