Encyclopedia

Պետական պարգևներ

Կատարած ցանկացած լավ գործ արժանի է գնահատանքի ու գովասանքի: Դա իհարկե կարող է արտահայտվել նույնիսկ սովորական ու պարզ շնորհակալության տեսքով: Բայց երբեմն միայն շնորհակալությունը բավարար չէ արտահայտելու երախտագիտությունը, մանավանդ, եթե անձը պետության համար կարևորագույն դերակատարում է ունեցել:

Դպրոցում գերազանց առաջադիմության համար շատերդ համապատասխան գովասանագրեր եք ստանում, մյուսներդ՝ պատվոգրեր կամ շնորհակալագրեր: Իսկ ահա հայրենիքի պաշտպանության և պետության անվտանգության ապա­հովման գործում նշանակալի ավանդի համար անձը ստանում է պետական պարգև, որը համարվում է խրախուսման բարձրագույն ձև:

 

Հայաստանի Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն են՝

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը,

2. Հայաստանի Հանրապետության շքանշանները

3. Հայաստանի Հանրապետության մեդալները:

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է, որը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

 

Հայաստանի Հանրապետության շքանշաններն են`  

1. Հայրենիքի շքանշանը, որը հանձնվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց:

2. Փառքի շքանշանը, որը շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:

3. Տիգրան Մեծի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Այս  շքանշանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և դաշնակից կամ գործընկեր պետությունների զինված ուժերի և այլ զորքերի զորամասերը։

4. «Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Այն ունի երկու աստիճան`   1-ին և 2-րդ, որից բարձրագույնը 1-ին աստիճանն է:

5. Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար։

6. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության, գյուտարարության, կրթության, առողջապահության, մշակույթի, հասարակական գործունեության ասպարեզ­ներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

7. Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառա­յություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։

8. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը շնորհվում է պետական, հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության, հայրենիքի պաշտպանության, ազգային անվտանգության, ինչպես նաև հումանիտար բնագավառներում նշանակալի նվաճումների և մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

Այն ունի երկու աստիճան`   1-ին և 2-րդ, որից բարձրագույնը 1-ին աստիճանն է:

9. Բարեկամության շքանշանը շնորհվում է  ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտա­կրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայություն­ների համար:

 

Հայաստանի Հանրապետության մեդալներն են`  

1.  Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպա­նության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար։

2. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար։

Մեդալն ունի երկու աստիճան`   1-ին և 2-րդ, որոնցից  բարձրագույնը 1-ին աստիճանն է։

3. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաս­տվածության ապահովման, պետության սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար։

4. Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպա­րեզ­ներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։

5.  Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար։

6. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարա­պետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար։

7.  Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հասարակագիտական գիտությունների և սպորտի բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար։

8. «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցա­բերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաև ծառայողական պարտա­կա­նությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։

9. Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտա­տեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագա­վառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

10. «Աշխատանքային վաստակի համար» մեդալը շնորհվում է աշխատանքային գործունեության տարբեր ոլորտներում ունեցած նշանակալի ձեռքբերումների, ինչպես նաև երկարամյա անձնվեր և արդյունավետ աշխատանքի համար։

11. Ծնողական փառքի մեդալը շնորհվում է ՀՀ  քաղաքացիություն ունեցող այն ծնողներին բազվազավակ (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ։

 

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը`   հրապարակելով հրամանագրեր։

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կարող է կատարվել նաև հետմահու։

 

Իրավական հիմքեր՝

<<ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին>>  ՀՀ օրենք       

Հոդված 3, 7-27

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.