Encyclopedia

Հայ զինվորականի վարքականոնը

Հազարամյակներ շարունակ հայոց ազգային բանակի դերակատարումը վճռորոշ դեր է ունեցել ոչ միայն հայ ժողովդի ազատության ու անկախության համար մղվող պայքարում, ազգային ու բարոյական արժեքների պահպանման գործում:

            Դեռևս 5-8-րդ դարերում օտար տիրապետության դեմ ազատագրական պատերազմներն առաջնորդել են հայոց զորքի գլխավոր հրամանատարները, ովքեր ոչ միայն սեփական օրինակով, այլև իրենց պատգամ-հրահանգներով կառուցել են հայ զինվորականության գաղափարական և բարոյա­հոգեբանական արժեքների համակարգը:

 

            Հայ զինվորականների վարքականոնի դրույթները վեր են հանվում հայ պատմիչների գործերում: Փավստոս Բյուզանդը  «Հայոց Պատմություն» աշխատությունում  հիշատակում է սպարապետ Մանվել Մամիկոնյանի (ծն. թ. անհայտ-մահ. 384թ.) պատգամը իր որդի Արտաշիրին՝ «զտէրութիւն իւր և զսպարապետութիւն զօրավարութեանն իւրոյ» նրան հանձնելու պահին. Եվ պատվիրեց նրան... «պատերազմի՛ր և անձը քո զոհի՛ր հանուն Հայոց աշխարհի, ինչպես քաջ նախնիներդ են այս աշխարհին սիրահոժար զոհաբերել իրենց կյանքը»։

 

            Անձը հանուն հայրենիքի զոհելու նույն գաղափարախոսությունն է քարոզում նաև Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում. հայ ռազմիկ-թագավոր Արամի մասին հիշատակելով իբրև աշխարհասեր և հայրենասեր մարդ՝ լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարածինների որդիք ոտնակոխ են անում իր հայրենիքի սահմանները և օտար մարդիկ տիրում են իր արյունակից հարազատների վրա:

 

            Փավստոս Բյուզանդը առանձնացնելով հայոց զորքերի գլխավոր հրամանատար Մուշեղ Մամիկոնյանի (ծն. թ. անհայտ-մահ. 376թ.) անձնական առաքինություններն և հայրենիքին մատուցած ծառայությունները ՝  կարծես թվարկում է հայ զինվորականի՝ Հայաստան պետության և հայ ազգի առջև ստանձնած պարտքը:

 

            Մեծ զորավարի անձնական կյանքի օրինակը, նրա բարոյական արժեքները, հայրենանվեր պատվիրանները հիմք են հանդիսացել կազմելու հայ զինվորականի գաղափարական-բարոյա­հոգեբանական արժեհամակարգի և պատվո վարքականոնի դրույթները:

 

            1. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը։

                2. Ասպետական պատվի և համարումի («քաջի անվան») անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով։

                3. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր նվիրագործված հաստատությանը՝ Հայաստանի թագավորին (Արշակունի «բնիկ տերերին»)։

                4. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիր՝ անկախ նրանց սոցիալական ծագումից և դիրքից։

                5. Քրիստոնեական հավատի և ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն։

                6. Նվիրվածություն ընտանիքին։

                7. Նվիրվածություն տոհմակիցներին։  

                8. Հավատարմություն զինակիցներին։

 

            Հետաքրքիրն այն է, որ հայ զինվորականի վարքականոնի դրույթներից որոշները նկատելիորեն նման են միջնադարյան եվրոպացի ասպետների և ճապոնական սամուրայների պատվո վարքականոններում եղած տարրերին։

 

                Օրինակ, ճապոնական սամուրայների պատվո վարքականոնները սահմանում են.

            1. Հիշի՛ր, մահդ չի գցում քո արժանապատվությունը։ Մահը չի պատվազրկում։

                2. Պարտքի կատարումդ պետք է լինի անթերի, իսկ անունդ՝ անբիծ։

                3. Ռազմիկը յուրացնում է սամուրայի ուղին այն ժամանակ միայն, երբ նա արդեն մշտապես պատրաստ է լինում մահվան։

                 4.Սամուրայը պարտավոր է տալ իր իշխանին իր հոգին և մարմինը։

                5.Նա պետք է լինի իմաստուն, գթասիրտ և քաջ։

          6. Ծնողների հանդեպ լինել հարգալից։

 

            Իսկ Եվրոպայում ասպետները մեկ ընդհանուր օրինականացված գրավոր վարքականոն չեն ունեցել, բայց և այնպես  մասնագետներն առանձնացրել են ասպետական վարքագծի հետևյալ պարտադիր պահանջները՝ հիմնվելով նրանց աղոթքների և պահպանված զանազան աշխատությունների ու տեքստերի վրա.

 

                1.  Հավատարմություն գերակային,

                2. Անվեհեր քաջություն, վտանգների և դժվարությունների արհամարհում,

                3. Քրիստոնեական եկեղեցու և նրա պաշտոնյաների պաշտպանություն,

                4. Օժանդակություն ասպետական տոհմերի որբացած և տկար անդամներին, առատաձեռնություն,                 5. Աստծու և մարդկանց առջև անբիծ կյանքի վարում։

 

            Ինչպես տեսնում ենք, արժեահամակարգային ընդհանրություններ կան, իսկ պատվո վարքականոններում միևնույն պահանջն է՝ կյանքից վեր գնահատել պատիվն ու հավատարիմ ծառայությունը :

 

Հիմք՝

Արմեն Այվազյան «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4-5-րդ դարեր)»

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.