Encyclopedia

ՀՀ ԶՈՒ Համազորային կանոնագրքեր

ՀՀ ԶՈՒ համազորային կանոնագրքերը զինվորական ծառայության նորմատիվ-իրավական փաստաթղթեր են: Դրանք օրենսդրական հիմք են ծառայում զինված ուժերում մարտական գործունեության իրականացման ու ապահովման, կարգապահության հաստատման ու ամրապնդման, մարտական պատրաս¬տության բարձրացման ու կատարելագործման խնդիրների լուծման և զինծա-ռայողների ուսուցման համար:

ՀՀ զինված ուժերի զորամասերում ու ստորաբաժանումներում զինծառայողների ամենօրյա գործունեությունը կանոնակարգվում է  հետևյալ չորս կանոնագրքերով.

 

1. Ներքին ծառայության կանոնագիրք,

 2. Կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրք,

3. Կարգապահական կանոնագիրք,

4. Շարային կանոնադրություն:

 

Ներքին ծառայության կանոնագիրքը  սահմանում է զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, զորամասի և ստորաբաժանումների հիմ­նա­կան պաշտոնատար անձանց պարտականությունները, զորամասերի ներքին կարգուկանոնը, զինված ուժերի անձնակազմի կենցաղին ու հանգստին վերաբերող և այլ հարցեր:

 

Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը սահմանում է կայազորային ու պահակային ծառայությունների նշանակությունը, դրանց կազմակերպման և անցկացման կարգը, ծառայությունն իրականացնող պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները, կայազորում կազմակերպվող միջոցառումների անցկացման կարգը, զորքերի մասնակցությամբ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կարգը:

 

Կարգապահական կանոնագիրքը սահմանում է զինվորական կարգապահության էությունը, զինծառայողներին տրվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները, դրանց տրման կարգը, ինչպես նաև հրամանատարների (պետերի) իրավունքները զինծառայողներին խրախուսանք տալու և կարգապահական տույժի ենթարկելու գործում, զինծառայողների դիմումների, բողոքների (գանգատների) ներկայացման ու քննարկման կարգը:

 

Շարային կանոնադրությունը սահմանում է շարքի տեսակներն ու նրա բաղկացուցիչ մասերը, շարային վարժաձևերն ու շարժումները՝ զենքով և առանց զենքի, զինծառայողների պարտակա­նությունները շարվելուց առաջ և շարքում, զինվորական ողջույնի նշանակությունը և կատարման կարգը,  զորամասերի և ստորաբաժանումների շարքերը հետիոտն կարգով և մեքենաներով:

 

Վերը նշված երեք կանոնագրքերն ընդունված են ՀՀ Ազգային ժողովի կողմից և ունեն օրենքի ուժ, իսկ շարային կանոնադրությունը հաստատված է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

 

Այս կանոնագրքերի և կանոնադրության դրույթները տարածվում են նաև ՀՀ ոստիկանության զորքերի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների, սահմանապահ զորքերի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վրա և կոչվում են համազորային կանոնագրքեր:

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.