Encyclopedia

Մոտոհրաձգային ջոկի կազմը. մարտական հնարավորությունները

Մոտոհրաձգային ջոկը համարվում է մարտական սկզբնական ստորաբաժանում, որը կարող է մտնել ոչ միայն մոտոհրաձգային, այլև մոտոհետևակային, հետևակային, ականանետային, սակրային, կապի և այլ դասակների մեջ:

Մոտոհրաձգային ջոկի կազմում կարող է ընդգրկված լինել 8-10 մարդ, որոնցից յուրաքանչյուրին առաջադրվում են առանձնահատուկ խնդիրներ՝ իր զբաղեցրած պաշտոնով պայմանավորված:

 

Մոտոհրաձգային ջոկի ղեկավարը ջոկի հրամանատարն է: Բացի հրամանատարից ջոկի կազմում են նաև՝ նշանառու օպերատորը, նշանառու գնդացրորդը, մեխանիկ-վարորդը, վարորդը, գնդացրորդը, նռնականետորդը, նռնականետորդի օգնականը, ավագ հրաձիգը, հրաձիգը:

 

Մոտոհրաձգային ջոկի մարտական հնարավորությունները պետք է ճիշտ գնահատվեն, քանի որ հենց դրանցով են բնորոշվում սահմանված ժամկետում և իրադրության տվյալ պայմաններում որոշակի մարտական խնդիր կատարելու կարողությունները:

 

Մոտոհրաձգային ջոկի մարտական հնարավորությունները բնորոշվում են կրակային հզորությամբ  և զորաշարժային (խուսանավելու) ունակությամբ:

 

Կրակային հզորությունը հնարավորություն է տալիս հակատանկային միջոցներով և հրաձգային զենքի կրակով հակառակորդին կորուստ պատճառել: Եթե ջոկը լրիվ սպառազինված է, ապա նա կարող է պայքարել հակառակորդի տանկերի, զրահամեքենաների, ցածր թռչող ուղղաթիռների դեմ և ոչնչացնել նրա կրակային միջոցներն ու կենդանի ուժը:

 

Կրակի խտությամբ է որոշվում հրաձգային զենքի կրակային հզորությունը, որը ճակատի 1 մ-ի վրա 1 րոպեում արձակված գնդակների թիվն է: Դա կախված է զենքի քանակից, տեսակից, արագաձգությունից և նաև ճակատի այն հատվածից, որի ուղղությամբ կրակ է բացվում: Մոտոհրաձգային ջոկը կարող է 1 րոպում արձակել 1000 գնդակ, ինչը նշանակում է, որ կրակի խտությունը հարձակման ժամանակ կկազմի 20, իսկ պաշտպանության ժամանակ 6-7 գնդակ: Հարձակման դեպքում կրակի այսպիսի խտությունը կարող է ապահովել հակառակորդի ոչնչացումը, իսկ պաշտպանության դեպքում կարող է հաջողությամբ հետ մղել  հակառակորդի գրոհը:

 

Պատերազմական փորձի վերլուծությունները ցույց են տվել, որ հակառակորդը նահանջում կամ հրաժարվում է հետագա հարձակումից, եթե նա կորցրել է անձնակազմի ու կրակային միջոցների 50 տոկոսը: Իսկ  ճակատի 1 մ-ի վրա 4-5 գնդակը  լիովին բավարար է հակառակորդի ուժերի նման քանակի ոչնչացման համար:

 

Հարձակման ժամանակ ջոկը կարող է ոչնչացնել մեկ տանկ, մեկ զրահամեքենա և զինվորների մի խումբ, իսկ պաշտպանությունում՝ մինչև 2-3 տանկ կամ 3-4 ՀՄՄ(ԶՓ) և 12-15 զինվոր:

 

Ջոկի զորաշարժի հնարավորությունը պայմանավորված է ջոկի հարձակման տեմպով, իսկ պաշտ­պանությունում՝ որոշակի ժամանակում դիրքերը փոխելու ունակությամբ:

 

Զորաշարժը հնարավորություն է տալիս առավել նպաստավոր դիրքեր զբաղեցնել հակառակորդի ուղղությամբ կրակ բացելու, հակառակորդի թևերն ու թիկունքը գրոհելու համար: Զորաշարժ տեղի է ունենում նաև այն դեպքերում, երբ  անհրաժեշտ է դուրս գալ հակառակորդի գերազանցող ուժերի հարվածի տակից:

 

Եթե զորաշարժը տեղի է ունենում հարձակման ժամանակ, ապա այն կատարվում է հակառակորդին շրջանցելով:

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.