Encyclopedia

Զինվորը՝ դիտորդ

Հետախուզության կարևորագույն եղանակն է դիտարկումը, որը լիարժեքորեն կիրառվում է մարտում հակառակորդի և տեղանքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով:

Դիտարկումն իրականացվում է մարտական գործողությունների բոլոր տեսակներում և չունի ժամանակային ու եղանակային սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ անկախ եղանակային պայմաններից, գիշեր թե ցերեկ, դիտարկումը կատարվում է անընդմեջ:

 

Դիտարկումը վստահվում է հատուկ պատրաստություն անցած զինվորի, ով շատ լավ կարողանում է կողմնորոշվել տեղանքում, ունի տեսողական և լսողական գերազանց հիշողություն, սառնասիրտ է, դիմացկուն ու հնարամիտ:

 

Դիտարկման առաջադրանքը կատարելուց առաջ, դիտորդի պետք է պարզի դիտարկման գոտին (ուղղությունը, օբյեկտը), տեղեկություններ հակառակորդի և իր ստորաբաժանումների մասին, կողմնորոշիչները և տեղական առարկաների պայմանական անվանումները, դիտարկման տեղը, սարքավորման ու քողարկման կարգը, դիտարկման արդյունքների մասին զեկուցման կարգը և օդային հակառակորդի մասին ազդարարման ազդանշանները:

 

Առաջադրված խնդիրը մանրամասն պարզաբանելուց հետո՝  դիտորդը պարտավոր է.

                ● ճիշտ ընտրել, սարքավորել և քողարկել դիտակետը, կողմնորոշվել տեղանքում, կարողանալ որոշել օբյեկտների հեռավորությունը, օգտվել դիտասարքերից ու կապի միջոցներից,

                ● գիտենալ հակառակորդի մարտական տեխնիկայի և զենքի տեսակների հետախուզական հայտանիշերը,

                ● կարողանալ վերլուծել տեղեկությունները, կատարել գրանցում դիտամատյանում և հստակ զեկուցել հրամանատարին դիտարկման արդյունքների մասին:

 

Դիտարկման տեղի ճիշտ ընտրությամբ ու դրա սարքավորմամբ է պայմանավորված, թե որքանով հավաստի կլինեն դիտարկման արդյունքների հավաստիությունը: Դիտակետը պետք է ապահովի լավ տեսանելիությունը, քողարկումը, դիտորդին պաշտպանի հակառակորդի կրակային հարված­ներից:

 

Հիմնական դիտակետ համարվում է խրամատը: Դիտակետի տեղը հնարավորինս պետք է մոտ լինի հրամանատարին, քանի որ այս կերպ հնարավոր է ձայնային ազդանշաններ ուղարկել կամ զեկուցել դիտազննման արդյունքների մասին:

 

Դիտարկման համար կարևորագույն նշանակություն ունի տեղանքի մանրակրկիտ զննումը, ինչպես նաև անհրաժեշտ է որոշել տվյալ հատվածում կողմնորոշիչների ու տեղանքին բնորոշ առարկաների հեռավորությունը:

 

Դիտարկման հարմարավետության համար նշված հատվածը բաժանվում է գոտիների՝ մոտակա, միջին, հեռավոր:

 

Մոտակա գոտին ընդգրկում է միչև 400 մ խորություն, որտեղ տեսանելի են մանր առարկաները, թիրախներն ու օբյեկտները:

Միջին գոտի է համարվում է 400–800 մ տեսանելիության սահմանը:

 

Հեռավոր գոտին ընդգրկում է տեղանքի ամբողջ հատվածը մինչև օպտիկական սարքերի տեսանե­լի­ության սահմանը:

 

Նշված գոտիների սահմանագծերը նշվում են լավ տեսանելի կողմնորոշիչներով կամ տեղական արտահայտիչ առարկաներով:

 

Հրամանատարը սահմանում է դիտորդների հերթափոխման ժամերը: Միայն հրամանատարի հրամանով է դիտորդին թույլատրվում թողնել դիտակետը: Եթե դիտակետը տեղափոխվում է նոր տարածք, ապա խիստ անհրաժեշտ է պահպանել գաղտնիությունը և քողարկման կանոնները:

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.