Encyclopedia

Ռազմական տեղագրություն. տեղանքի տարատեսակներն ու դրանց մարտավարական հատկանիշները

Մարտական գործողություններից առաջ կատարվում է տեղանքի ուսումնասիրում: Դա կատարվում է երկու եղանակով՝տեղազննումով եւ տեղագրական քարտեզի օգնությամբ: Տեղանքն ուսումնասիրելու եւ ճիշտ եզրակացություններ կատարելու համար պետք է լավ իմանալ տեղանքի տարատեսակների մարտավարական հատկանիշները:

Ցանկացած մարտական առաջադրանք կատարվում է երկրի մակերևույթի որոշակի տեղամասում՝ տեղանքում: Երկրի մակերևույթի անհարթությունների ամբողջությունը կոչվում է տեղանքի ռելիեֆ:

 

Տեղանքն ըստ ռելիեֆի բնույթի լինում է՝ հարթավայրային, բլրային և լեռնային:

Ըստ կտրտվածության աստիճանի՝թույլ, միջին և խիստ կտրտված:

 

Ըստ բուսածածկույթի տեղանքները լինում են՝ անտառային, ճահճային, անապատային, տափաստանային, տունդրային, գյուղատնտեսական նշանակության:

Ըստ քողարկման և դիտարկման պայմանների տեղանքը կարող է լինել՝ բաց, կիսափակ և փակ:

 

Տեղանքի մարտավարական հատկանիշները

 

Մարտական գործողությունների արդյունավետ վարման համար կարևորագույն նշանա­կություն ունի ոչ միայն տեղանքի ուսումնասիրումը, այլև տեղանքի մարտավարական հատկանիշները:

 

Հովիտները համարվում են հրաշալի թաքստոց և լավագույնս պատսպարում են մարդկանց ու ռազմական տեխնիկան թշնամու դիտարկումներից ու կրակից, սակայն միևնույն ժամանակ խոչընդոտում են սեփական զորքերի տեղաշարժին:

 

Նույն կերպ՝ լեռնային տեղանքն դժվարամատչելի է ռազմական տեխնիկայի տեղաշարժման, դիտար­կման, կողմնորոշման և կրակի վարման համար: Այդուհանդերձ, լեռնային տեղանքներում զորքերը կարողանում են ավելի ապահով տեղաշարժվել, աննկատ քողարկվել, հետևաբար այն առավել նպաստավոր է պաշտպանության համար:  

 

Մարտական գործողությունների ժամանակ հարձակման և պաշտպանության համար առավել նպաստավոր է բլրային տեղանքը, որը ընդհանուր առմամբ, չի խոչընդոտում մարտական տեխնիկայի և տրանսպորտի տեղաշարժերը, նպաստում է քողարկմանը, դիտակետերի և կրակային դիրքերի ընտրմանը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.