Encyclopedia

Կողմնորոշում տեղանքում. Կողմնացույց և այլ կողմնորոշիչներ

Արշավներ սիրում եք, չէ՞: Իսկ երբևէ պատկերացրե՞լ եք, որ կարող եք մոլորվել անտառում կամ այլ տեղանքում: Ի՞նչ կանեք դուք՝ կվախենա՞ք, կշփոթվե՞ք, թե՞ կկարողանաք կողմնորոշվել ու ճանապարհ գտնել:

Նախևառաջ՝ նման ճամփորդություններից առաջ ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր է համապատասխան սարքավորումներ ունենալ ուսապարկում, որից ամենակարևորն էլ կողմնացույցն է:

 

Իսկ ի՞նչ է կողմնացույցը ու ինչպե՞ս կարող ենք կողմնացույցի օգնությամբ անանցանելի ճանապարհներից դուրս գալ:

 

Կողմնացույցի միջոցով կարող ենք որոշել հորիզոնի կողմերը կամ կողմնորոշիչի ուղղությունը: Գործողության սկզբունքը հիմնված է Մագնիսական սլաքը մագնիսական միջօրեականի երկարությամբ տեղավորելու եւ հյուսիս–հարավ ուղղությունը ցույց տալու վրա: Կարմիր սլաքը ցույց է տալիս հարավը, կապույտը՝ հյուսիսը, աջ սլաքը՝ արևելքը, ձախ սլաքը՝ արևմուտքը:

 

Կողմնացույցի հիմնական մասերն են կլոր տուփը, մագնիսական սլաքը, ասեղը, արգելակը, անկյունային սանդղակը, պտտվող կափարիչը՝ նշանոցով:

 

Կողմնացույցը, բացի ասեղից, ամբողջությամբ պատրաստված է հակամագնիսական նյութերից:

 

Կողմնացույցը կիրառվում է ոչ միայն ռազմական գործում, այլև նավագնացության, օդագնացության, աստղագիտության մեջ։

 

Իսկ ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում, եթե մենք չունենք  քարտեզ:

 

Տեղանքում կողմնորոշվել նշանակում է`   եղանակի և օրվա ցանկացած ժամին որոշել ոչ միայն գտնվելու վայրը, այլև շարժման ուղղությունը:

 

Մարտական իրավիճակներում անհրաժեշտ է կատարել տեղագրական և (կամ) մարտավարական կողմնորշում:

 

Տեղագրական կողմնորոշումը ներառում է հորիզոնի կողմերի եւ սեփական դիրքի որոշումը առանձին լավ երևացող առարկաների (կողմնորոշիչների) նկատմամբ, իսկ մարտավարական կողմնորոշումը մարտի դաշտում սեփական դիրքի որոշումն է սեփական զորքի և հակառակորդի նկատմամբ:

 

Եթե մեզ հետ վերցրել ենք կողմնացույց, ապա ավելի հեշտ կլինի տեղանքում որոշել հորիզոնի կողմերը:

 

Հորիզոնի կողմերը կողմնացույցով որոշելու համար կողմնացույցը պետք է պահել հորիզոնական դիրքով, ապա ազատել մագնիսական սլաքը արգելակից, պտտել կողմնացույցը կամ պտտվել նրա հետ միասին անպես, մինչև մագնիսական սլաքի ֆոսֆորապատ ծայրը համընկնի 0-ի հետ`   մագնիսկան սլաքն ուղղված է դեպի հյուսիս: Այդ ուղղության վրա ընտրում են կողմնորոշիչ, որը հետագայում օգտագործվում է կողմնորոշման համար: Դիտորդը դեմքով կանգնում է մագնիսական սլաքի (դեպի հյուսիս) ուղղությամբ, թիկունքի ուղղությունը կլինի հարավը, աջ ձեռքի ուղղությունը՝ արևելքը, ձախի՝ արևմուտքը:

 

Եթե որոշել եք օգտվել կողմնացույցից, ապա հիշեք, որ այն պետք է զրահապատ տեխնիկայից, մեքենայից և երկաթյա առարկաներից գտնվի առնվազն 25մ հեռու, հակառակ դեպքում մագնիսական սլաքը կշեղվի և ուղղությունները չեք գտնի:

 

Հետաքրքիր է, իսկ եթե չունենք ոչ քարտեզ և ոչ էլ կողմնացույց: Իհարկե, պետք է համապատասխան սարքավորումներ ունենալ, բայց և այնպես, եկեք սովորենք նաև կողմնորոշման այլ ձևեր:

 

Կողմնորոշում Արեգակի միջոցով:

 

Եթե ձեզ հետ չեք վերցրել կողմնացույց, ապա ստիպված պետք է օգտվեք երկնային կողմնացույցից՝ Արեգակից: Միայն անհրաժեշտ է հիշել, որ հյուսիսային կիսագնդում Արեգակը գտնվում է՝

 

Արևելքում`   գարնանային և աշնանային ամիսներին`   ժամը 7:00-ին, ամառային ամիսներին`   ժամը 8:00-ին, իսկ ձմեռային ամիսներին այն չի երևում:

 

Հարավում`   գարնանային և աշնանային ամիսներին`   ժամը 13:00-ին, ամառային ամիսներին`   ժամը 14:00-ին, իսկ ձմեռային ամիսներին`   ժամը 13:00-ին:

 

Արևմուտքում`   գարնանային և աշնանային ամիսներին`   ժամը 19:00-ին, ամառային ամիսներին`   ժամը 20:00-ին, իսկ ձմեռային ամիսներին չի երևում:

 

Եկեղեցիներ

 

Եկեղեցիները նույնպես կարող են շատ լավ կողմնորոշիչներ լինել։ Որպեսզի եկեղեցու օգնությամբ ճիշտ կողմնորոշվեք, պետք է իմանալ, որ եկեղեցու խորանը կառուցված է լինում արևելյան մասում, իսկ մուտքը`   արևմտյան, արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին, իսկ գմբեթի խաչերի թևերը ուղղված են լինում  արևելք-արևմուտք ուղղությամբ:

 

Մամուռներ ու քարաքոսեր

 

Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կողմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր`   խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում:

 

Մրջնանոցներ

 

Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը`   հյուսիս:

 

Եթե մոլորվել եք անտառում, հիշեք, որ անտառուղին ձգվում է հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք: Հետևաբար անատառում ճանապարհը կորցնելու դեպքում պետք է անընդհատ շարժվել մի ուղղությամբ, որպեսզի կարողանաս գտնել անտառուղու որևէ խաչմերուկ: 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.