Encyclopedia

Միջազգային մարդասիրական իրավունքի ընդհանուր դրույթները

Ռազմագիտության մեջ միջազգային մարդասիրական իրավունքը ընդունված է անվանել զինված ընդհարումների իրավունք, որը միջազգային մարդասիրական իրավունքի բաղկացուցիչ մասերից մեկն է:

Միջազգային մարդասիրական իրավունքը կանոնակարգում է զինված ընդհարումները, որի նպատակն է առավելագույնս նվազեցնել պատերազմի ողբերգական հետևանքներն ու պաշտպանել անհատի արժանապատվությունը: 

 

Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը սկսում են գործել զինված ընդհարման սկսվելու պահից՝ անկախ սկսվելու պատճառներից և հավասարաչափ կիրառվում են պատերազմող բոլոր կողմերի նկատմամբ: Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կիրառումը դադարեցվում է (բացա­ռությամբ ռազմագերիների և մշակութային արժեքների պահպանության) մարտական գործողությունների ավարտի հետ միաժամանակ:

 

Միջազգային մարդասիրական իրավունքը բաժանվում է երկու ճյուղի՝

  • «Ժնևի իրավունք», որի նպատակն է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը
  • «Հաագայի իրավունք», որը սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքներն ու պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում է հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները:

 

Երկու հոսքերն իրենց անունները ստացել են բազմաթիվ միջազգային կոնֆերանսներից, որոնք կազմել են պատերազմի և հակամարտության հետ կապված բազմաթիվ պայմանագրեր, մասնավորապես, Հաագայի 1899 ու 1907 թվականների կոնվենցիաները և Ժնևի կոնվենցիաները, որոնցից առաջինը կազմվել է 1864 թվականին (1906 և 1929թթ.)։

 

Վերոնշյալ կոնվենցիաների մշակած սկզբունքների հիման վրա Ժնևյան 1949թ. կոնվենցիան ամփոփեց հիմնական դրույթները, որոնք կանոնակարգում էին՝

  • գործող բանակներում հիվանդացածների և վիրավորների վիճակի բարելավումը,
  • վիրավորված և հիվանդացած ծովայինների վիճակի բարելավումը,
  • ռազմագերիների հետ վարվեցողությունը,
  • պատերազմների ժամանակ բնակչության պաշտպանությունը:

 

Հետագայում ևս՝ Հաագայի և Ժնևի 1954, 1977, 2005թթ. Կոնվենցիաները պատերազմի օրենքների, քաղաքացիական բնակչության պաշտպանության, զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության հարցերին, որոնք կանոնակարգում են՝

 

  • մարտական գործողությունների վարման որոշ սահմանափակումներ,
  • վիրավորների և գերիների կարգավիճակը,
  • քաղաքացիական բնակչության իրավունքների հարգումը,
  • բժշկական և հոգևոր անձնակազմի իրավունքների ճանաչումը,
  • մշակութային արժեքների պաշտպանությունն ու պահպանումը,
  • պատերազմող պետությունների և առանձին անձանց պատասխանատվությունը ՄՄԻ-ի նորմերի խախտման դեպքում:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.