Encyclopedia

Արտակարգ իրավիճակներ. վտանգավոր երևույթներ

Երկրագնդի վրա ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում վտանգավոր երևույթներ, որոնք հանգեցնում են ծանր հետևանքների և առաջացնում են արտակարգ իրավիճակներ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում արտակարգ իրավիճակը:

Արտակարգ իրավիճակը  երկիր մոլորակի որևէ տարածքում վթարի, աղետի, համա­ճարակի, պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակն է, որը խախտում է մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանները, հանգեցնում է մարդկային ու նյութական կորուստների ( ոչնչացման) ու շրջակա միջավայրի աղտոտմանը։ Այլ կերպ ասած, արտակարգ իրավիճակն առաջանում է տեղի ունեցող վտանգավոր երևույթների հետևանքով, որի արդյունքում բնակչությունն ու տարածքները դառնում են խոցելի:

 

Օրինակ, երկրաշարժը, ջրհեղեղը, սողանքը, բնական հրդեհները արտակարգ իրավիճակներ չեն կարող համարվել, քանի որ դրանք երևույթներ են: Իսկ դրանց պատճառով ստեղծված աղետալի հետևանքները կարող են հանգեցնել արտակարգ իրավիճակների, քանի որ դրանք երբեմն կարող են ընդգրկել հսկայական տարածքներ և ծանր կորուստներ: Ցավոք, պատմությունն արձանագրել է արտակարգ իրավիճակների բազմաթիվ փաստեր:

 

Օրինակները շատ են՝ 1878թ. Չինաստանում Խուանխե գետի ջրհեղեղը, որի հետևանքով զոհվել էր 7 մլն մարդ: 14-րդ դարում ժանտախտի հետևանքով Եվրոպայում մահացավ 100 մլն մարդ: Իսկ 1988թ. Սպիտակի երկրաշարժը ընդգրկեց Հայաստանի տարածքի 40 տոկոսը, և պաշտոնական տվյալներով տվեցինք 25 հազարից ավելի զոհ:

 

Արտակարգ իրավիճակից պաշտպանությունն ունի որոշակի առանձնահատկություններ՝ կախված դրա տեսակից: Իհարկե, պաշտպանության ամենաարդյունավետ վտանգավոր երևույթների կանխարգելումն է: Բայց չէ՞ որ կան նաև այնպիսի երևույթներ, որոնք կանխել հնարավոր չէ: Ինչպես օրինակ՝ երկրաշարժը հնարավոր չէ կանխել, բայց հնարավոր է նվազեցնել գոնե դրա ազդեցությունը, ինչ-որ չափով մեղմել հետևանքները: Իսկ օրինակ ջրհեղեղները կարելի է թե կանխել, թե ազդեցությունը նվազեցնել և թե հետևանքները մեղմել:

 

Մեր օրինակները փաստում են այն մասին, որ արտակարգ իրավիճակներից պաշտպանության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով ենք ճանաչում վտանգավոր երևույթները, ուսումնասիրում դրանց առաջացման պատճառները, ազդեցության հետևանքները:

 

Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչպիսին կարող են լինել վտանգավոր երևույթները.

 

Այսպես, վտանգավոր երևույթները բաժանվում են երեք հիմնական խմբերի՝

● ըստ կանխատեսման հնարավորության`   կանխատեսելի և ոչ կանխատեսելի:

Օրինակ`   երկրաշարժերը ոչ կանխատեսելի վտանգավոր երևույթներ են,

● ըստ կանխման հնարավորության`   կանխելի, մասնակի կանխելի և անկանխելի: Օրինակ`   երկրաշարժերը կանխել հնարավոր չէ: Հետևաբար, դրանք անկանխելի վտանգավոր երևույթներ են.

● ըստ զարգացման արագության`   դանդաղ, միջին և ակնթարթային զարգացող:

Օրինակ`   երկրաշարժերը դասվում են ակնթարթային զարգացող վտանգավոր երևույթների խմբին:

 

Կարևոր նշանակություն ունի նաև վտանգավոր երևույթների ծագման աղբյուրը:

Հետևաբար, արտակարգ իրավիճակները ըստ ծագման կարող են լինել՝ բնածին (սողանք, ցունամի, կայծակ, հրդեհ), տեխնածին (տրանսպորտային վթարներ, հրդեհներ, պայթյուններ, էլեկտրաէներգետիկական համակարգի վթարներ), մարդածին (ճառագայթա­յին, ինֆրա­ձայ­նային, ջրածնային, քիմիական ու կենսաբանական,  հրկիզող զենքեր)։

 

Յուրաքանչյուր խմբի վտանգավոր երևույթ առաջացնում է իրեն հատուկ արտակարգ իրավիճակ:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.