Encyclopedia

Բնական բնույթի արտակարգ իրավիճակներ․ Երկրաշարժեր

Բնական բնույթի արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթներից է երկրաշարժը: Տարբեր ժամանակներում տարբեր կերպ են փորձել բացատրել երկրաշարժի առաջացման պատճառները:

Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն առաջ է քաշել հին հույն փիլիսոփա Արիստոտելը։ Նրա կարծիքով Երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի ու քարանձավների միջոցով մտնում են Երկրի ընդերք, որտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ փնտրել դեպի Երկրի մակերևույթ, որի ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։  Սա իհարկե վարկած է, բայց և այնպես այն առաջ բերեց «սեյսմավտանգ եղանակ» հասկա­ցությունը։

 

Երկրաշարժը բնութագրվում է որպես ստորգետնյա ցնցում, որը տեղի է ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում։

 

Դա նշանակում է, որ տեկտոնական, դինամիկական, ջերմային և այլ ուժերի ազդեցությամբ երկրակեղևում կուտակված մեծ լարումները ձերբազատվում են երկրաշարժի միջոցով: Դրա արդյունքում անջատվում է հսկայական էներգիա, որն էլ իր հերթին  երկրագնդի մակերևույթին առաջացնում է ավերիչ ալիքներ ու կորուստներ:

 

Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի դասակարգվում են երկու խմբի՝ բնական և տեխնածին:

 

Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կորստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։

 

Տեխնածին երկրաշարժերը կապված են մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են շարժիչ ուժ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է տվյալ տարածքում բարձրացնել սեյսմիկ ակտիվությունը։

 

Երկրաշարժի ազդեցության չափը տվյալ տարածքում անվանում են երկրաշարժի ուժգնություն, որը չափվում է MSK-64 12-բալանոց սանդղակով:  Երեք-չորս բալ ուժգնությամբ գնահատված երկրաշարժերը թույլ են, և միշտ չէ, որ մարդիկ կարող են այն զգալ, քանի որ հողի աննշան ցնցումը կարող է ոչ մի վտամգ չներկայացնել: Վեց բալանոց երկրաշարժերը համարվում են ուժեղ, իսկ ութից տասը բալանոց երկրաշարժերը ավերիչ են և ոչնչացնում են շինարարական նորմերին չհամապատասխանող բոլոր կառույցները:

 

Երկրաշարժի հիպոկենտրոն է համարվում այն կետը, որտեղից ճառագայթվում են սեյսմիկ ալիքները, իսկ դրա պրոեկցիան երկրի մակերևույթին`   էպիկենտրոն: Հիպոկենտրոնի և էպիկենտրոնի միջև եղած հեռավորությունը կոչվում է օջախի խորություն:

 

Պետք է նկատի ունենալ, որ ուժեղ երկրաշարժերին երբեմն նախորդում են համեմատաբար թույլ ցնցումները և հաջորդում՝ հետցնցումները, որոնք կարող են տևել նույնիսկ ամիսներ:

 

 Երկրաշարժից մարդուն սպառնացող վտանգները մեծապես կախված են այնպիսի գործոններից, ինչպիսիք են օրինակ երկրաշարժի էներգիան, օջախի խորությունը, մարդու գտնվելու վայրը (շենքում թե շենքից դուրս), շենքերի կառուցման որակը:

 

Երկրաշարժերից բնակչության պաշտպանության համար գերակա պահանջ է հանդիսանում՝

● սեյսմակայուն շենքերի կառուցումը,

● շենքերի կառուցվածքի ու ժեղացումը,

● շենքերի բնականոն շահագործումը,

● բնակչութ յան վարվելակերպի ուսուցումը,

● վթարավերականգնողական աշխատանքների հրատապ և արդյունավետ կատարումը և այլն:

 

Բնակչությանը անհրաժեշտ է վերապատրաստել և սովորեցնել որոշակի կանոններ, որոնք անպայմանորեն պետք է պահել երկրաշարժի դեպքում: Երկրաշարժի դեպքում բնակչության ճիշտ վարվելակերպն ու պահելաձևը կարող են նվազեցնել մարդկային կորուստները:

 

Անհրաժեշտ է հիշել ամենակարևորը`  

● չպետք է խուճապի մատնվել, պետք է արագ կողմնորոշվել և գործել սառնասրտորեն,

●եթե գտնվում եք ցածրահարկ շենքերում կամ բարձրահարկերի առաջին երկու հարկերում, ապա պետք է շատ արագ (մինչ 20–30 վայրկյանում) դուրս գալ բաց տարածք`   չօգտվել վերելակից, ուշադրություն դարձրեք աստիճանավանդակի հուսալիության վրա,

● շենքերի վերին հարկերում մնալու դեպքում պատսպարվել հիմնական պատերի որմնախորշերում, կրող կառուցվածքների մոտ:Անմիջապես բացել դռները,

● եթե ամեն դեպքում հայտնվել եք փլատակների տակ, մի  հուսահատվեք, փորձեք տեղաշարժվել դեպի ավելի անվտանգ տեղ: Ձգտեք կապ հաստատել դրսում գտնվողների հետ: Փորձեք ինքնուրույն դուրս գալ,

● ցնցման ավարտից հետո փորձեք շենքից շուտ դուրս գալ, ուշադիր եղեք շքամուտքից դուրս գալիս, միաժամանակ հիշեք, որ հնարավոր են հետցնցումներ:

 

Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոք իմանա իր բնակության, ուսման, աշխատանքի շինությունների առանձնահատկությունները, դրանց հուսալի և թույլ տեղերը:

 

ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ հաստատվել է ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը, որով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և փրկարար ուժերի խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.