Encyclopedia

Օդերևութաբանական վտանգավոր երևույթներ

Երկիր մոլորակի վրա տեղի ունեցող օդերևութաբանական երևույթները իրենց վտանգավոր ազդեցությամբ ևս անհրաժեշտություն են առաջացնում իրականացնելու բնակչության և տնտեսության պաշտպանության, քաղաքացիների կյանքին և սեփականությանը սպառնացող վտանգի նվազեցմանը նպատակաուղղված միասնական պետական ծրագրեր ու միջոցառումներ:

Քամու հոսանքային համակարգը բաժանվում է հիմնականում երկու խմբի`   համեմատաբար ուղղագիծ հոսանքներ (փոթորիկ, մրրիկ և այլն) և դրանց շարժումը խախտող մրրկային հոսանքներ (մրրկասյուն, պտտահողմ, փոթորկանք և այլն):

 

Փոթորիկ, մրրիկ

 

Փոթորկի (արագությունը`   մինչև 32,7 մ/վ) և մրրիկի (արագությունը`   32,7 մ/վ և ավելի) հետևանքներն առավելապես ծանր են՝ պոկվում են շենքերի տանիքները, շուռ են գալիս ծերացած ծառերը, սյուները, պոկվում են թույլ լուսամուտները, վնասվում հաղորդալարերը և այլն: Հետևանք­ների ծանրությունը հնարավոր է մեղմել, եթե բնակչությանը նախապես ազդարեն քամու ուժգնության մասին. Այս դեպքում անհրաժեշտ կլինի հնարավորինս նախապատրաստվել՝ կտրել ծերացած,փտած ծառերը, սյուները, ամրացնել լուսամուտերն ու տանիքները:

 

Եթե փոթորիկի ժամանակ հայտնվել եք դրսում, ապա հնարավորինս հեռու մնացեք շենքերից, էլեկտրասյուներից, լարերից, կարող եք պաշտպանվել մոտակա ձորակներում, առվակներում, փոսերում:

 

Ամպրոպ, կայծակ

 

Ամպրոպի ժամանակ տեղի ունեցող գետնի և ամպերի կամ ամպերի միջև էլեկտրական լիցքերի պարպման հետևանքով առաջանում է կայծակ:

 

Կայծակի վտանգավորությունը պատկերացնելու համար, պարզապես, կարող ենք իմանալ, որ չափումները ցույց են տվել, որ կայծակի հոսանքի ուժը տատանվում է 20 հազարից մինչև 200 հազար ամպերի միջև, իսկ լարվածությունը բարձր է 50 միլիոն վոլտից:

 

Կայծակը պատճառ է դառնում անտառային հրդեհների, մարդկային զոհերի, անասունների կորստի և այլն:

 

Շենքերը կայծակից պաշտպանելու համար հողակցում են անում շանթարգելի միջոցով:

Կայծակի ժամանակ կարևոր է մարդու ճիշտ պահելաձևը`  

 

  • Եթե գտնվում եք տանը, ապա  անհրաժեշտ է անջատել էլեկտրասարքավորումները, փակել դռներն ու լուսամուտները, չօգտվել ջրի ծորակներից,
  • Եթե գտնվում եք բաց տարածքում, ապա անհրաժեշտ է շտապ գտնել հողակցված որևէ ապաստան:

 

Ապահով ապաստարան կարող է լինել քարանձավը, միայն չի կարելի կանգնել մուտքի մոտ, ինչպես օրինակ՝ անտառում գտնվելու դեպքում մի թաքնվեք մենավոր ծառի տակ:

 

  • Եթե պատսպարվելու համար ոչ մի տարբերակ չունեք, ապա նստեք տեղանքի ամենացածր կետում:
  • Հեռու մնացեք գետերից ու լճերից, չի կարելի լողալ կամ մնալ նավակում:
  • Չի կարելի պատսպարվել խոտի դեզի մեջ:

 

Կայծակներից պաշտպանվելու լավագույն միջոցը շանթարգելն է, որը տեղադրվում է շենքերի տանիքներից բարձր: Շանթարգելն իր վրա է վերցնում կայծակի հիմնական հատվածը, քանի որ դրանք հողակցված են լինում եւ ունենում են 10 օհմ սեփական դիմադրություն:

 

Կայծակի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա բավական ծանր հետևանքների է հանգեցնում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կայծակնահար մարդու մեջ տեղի է ունենում մկանների կծկում, մասնավորապես`   ստոծանու եւ սրտամկանի, ինչն էլ հարուցում է շնչառության եւ սրտամկանի կանգ: Ուղեղի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն արտահայտվում է գիտակ­ցության կորստով:

 

Կայծակի հպման տեղում մարմնի վրա առաջանում է երրորդ կարգի այրվածք: Էլեկտրական հոսանքի ազդեցությունն անմիջապես ուժեղանում է թաց կոշիկների և շորերի պատճառով, քանի որ թաց իրերը էլեկտրականության բարձր հաղորդիչ են:

 

Կայծակի հարվածից մարդը կարող է հայտնվել կլինիկական մահվան վիճակում, հետևաբար անհրաժեշտ է անհապաղ տուժածին վերակեն­դանացնել: Եթե արհեստական շնչառությամբ տուժածը ուշքի է գալիս, ապա հարկավոր է խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ խմեցնել (բացառությամբ ալկոհոլի և սուրճի): Այրվածքները պետք է մշակել ինչպես սովորական ջերմային այրվածքների դեպքում: Շանթահարին անհրաժեշտ է մերկացնել, գլուխը ողողել սառը ջրով, մարմինը փաթաթել թաց և սառը սավանով, անհրաժեշտության դեպքում կիրառել արհեստական շնչառություն, հնարա­վորության դեպքում`   արագ բժիշկ կանչել:

 

Ձնաբուքը տեղացող ձյան, ինչպես նաև ձյան ծածկույթից պոկված ձյան մասնիկների տեղա­փոխումն է քամիների կողմից: Ձնաբուքը երկրի մակերևույթի վերևում ուժեղ քամու միջոցով ձյան տարածումն է, որը հնարավոր է ուղեկցվի տեղացող ձյան հետ մեկտեղ: 

 

Առաջացնում է ձնահյուսեր, ձնածածկում ճանապարհները, վնասում ու խափանում է էլեկտրական լարերն ու հաղորդակցուղիները, մերկացնում է գյուղատնտեսական դաշտերը, որը մշակա­բույսերի ցրտահարման պատճառ է հանդիսանում:

Ձնաբքից ճանապարհները պաշտպանվում են ծառաշարերով, ցանկապատերով և այլն:

 

Ձնահոսքը ձյան զանգված է, որը սահում կամ ցած է թափվում  լեռների լանջերից։ Ձյան ծավալը կարող է հասնել մի քանի միլիոն խորանարդ մետրի: Ձնհոսքի առաջացման գործոններից են`   լանջի թեքությունը, ռելիեֆը, ձնաշերտի հաստությունը, առատ ձնատեղումը, ջերմային ռեժիմը, անձրևը, քամին և այլն: Ձնհոսքերը ևս ավերիչ ազդցություն են թողնում՝ ձնածածկվում են բնակավայրեր ու ճանապարհներ, պատճառ է հանդիսանում բազմաթիվ մարդկային զոհերի:

 

Ձնհոսքերի կանխարգելման միջոցառումներից է արհեստական ձնհոսքի առաջացումն ու արգելափակող կառուցվածքների կառուցումը: Ձնհոսքերի առաջացման հնարավոր սեզոններում կատարվում են մշտադիտարկումներ և ձնհոսքի հավանականության դեպքում այդ մասին ազդարարում են բնակչությանը: Կապված ձնհոսքի ծավալներից, անհրաժեշտության դեպքում կազմա­­կերպվում է բնակչության տարհանում, իսկ ավտոճանապարհների վտան­գա­վոր հատված­ներում արգելվում է երթևեկությունը:

 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.