Encyclopedia

Գաբրիել Սունդուկյան

Հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորող Գաբրիել Սունդուկյանը ծնվել է 1825թ.-ի հունիսի 29-ին: Մանկուց զրկվել է հորից: 1832–1838թթ. սովորել է հայտնի հայագետ Հակոբ Շահան-Ջրպետյանի դպրոցում, 1838–1840թթ.՝ Արզանյանների, ապա Խաչատուր Աբովյանի մասնավոր պանսիոններում, 1840-1846թթ.՝ Թբիլիսիի ռուսական գիմնազիայում:
1852թ. Սունդուկյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը թեկնածուի գիտական աստիճանով: Վերադարձել է Թբիլիսի, կարճ ժամանակ պաշտոնավարել Ներսիսյան դպրոցում:
 
Գաղափարական հայացքների պատճառով 1853թ. փոխարքայի հրամանով նրան արտաքսել են Դերբենդ: 1858թ. ստացել է Թբիլիսի վերադառնալու թույլտվություն և մինչև դարավերջ աշխատել Կովկասի երկաթուղային վարչությունում որպես տնտեսական մասի ղեկավար:
 
Սունդուկյանի գրական-թատերական գործունեությունը զուգադիպել է Այսրկովկասում կապիտալիզմի սկզբնավորման, սոցիալ-տնտեսական բարդ ու հակասական ժամանակաշրջանին, որն էլ ճշգրտորեն արտացոլվել է նրա պիեսներում:
 
Նա առաջինն է դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, ներկայացրել հասարակության ստորին խավերին, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը, արծարծել ընտանիքի և ամուսնության և այլ հարցեր, նախանշել հայ դրամատուրգիայի առաջընթացի ուղիներ:
 
Սունդուկյանի առաջին գործը «Գիշերվան սաբրը խեր է» (1863թ.) վոդևիլն է: Հետագա տարիներին գրել է «Պեպո» (1876թ.), «Խաթաբալա» (1881թ.), «Քանդած օջախ» (1882թ.), «Էլի մեկ զոհ» (1884թ.) և այլ կատակերգություններ:
 
Սունդուկյանի ստեղծագործության և ընդհանրապես հայ թատրոնի տարեգրության մեջ բեկումնային է եղել 1871թ.-ի ապրիլի 30-ը: Այդ օրը Թբիլիսիի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է «Պեպոն»: Պեպոյի դերակատարն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր:
 
«Խաթաբալա» կատակերգության մեջ վաճառական-վաշխառուի՝ Զամբախովի ռեալիստական կերպարով հեղինակը ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, փողի թագավորությունը: Արժեքավոր են նաև Սունդուկյանի արձակ գործերը:
 
«Վարինկի վեչեր» (1877թ., «Մշակ») պատմվածքում պատկերել է աշխատավոր խավի իրական կյանքը, «Համալի մասլահաթնիրը» (1871-1876թթ., «Մշակ») և «Հադիդի մասլահաթնիրը» (1882-1886թթ., «Արձագանք») ֆելիետոններում շոշափել է հասարակական, սոցիալական ու կենցաղային հարցեր:
 
«Իմ մահն ու թաղումը» (1911թ., «Մշակ») գործում համերաշխության, եղբայրության ու մարդասիրության կոչ է արել Կովկասի ժողովուրդներին: Սունդուկյանը գրել է թիֆլիսահայ բարբառով, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ:
 
Սունդուկյանը ճանաչված հասարակական գործիչ էր, հայկական բարեգործական և թատերական ընկերությունների երախտավորներից, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի, Ներսիսյան դպրոցի հոգաբարձուներից:
 
Նամակագրական կապ է ունեցել Վիկտոր Հյուգոյի, Վիկտորիեն Սարդուի, Ալեքսանդր Դյումայի որդու հետ: Սունդուկյանի պիեսները թարգմանվել ու բեմադրվել են նաև ռուսական, վրացական և այլ թատրոններում (վրացերեն թարգմանությունները կատարել է ինքը): Մահացել է 1912թ.-ի մարտի 29-ին: 
 
Սունդուկյանի պիեսների հիման վրա նկարահանվել են «Պեպո» (1935թ.), «Խաթաբալա» (1971թ.) կինոնկարները: Սունդուկյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ ՀՀ-ում, Երևանի ազգային ակադեմիական թատրոնը, որի բակում տեղադրված են դրամատուրգի կիսանդրին (1972թ.):
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.