Encyclopedia

Մոհանդաս Կարամչանդ «Մահաթմա» Գանդի

Այս օրը ծնվել է Մոհանդաս Կարամչանդ «Մահաթմա» Գանդին: 13 տարեկանում նրան ամուսնացնում են Կաստուրբա անունով նույն տարիքի մի աղջկա հետ: Գանդիի ընտանիքը բավական ապահովված էր, որպեսզի թույլ տար երեխաներին ստանալ լավ կրթություն, և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն`   իրավաբանություն ուսումնասիրելու: 1891 թվականին՝ ուսումն ավարտելուց հետո, նա վերադառնում է Հնդկաստան`   մասնագիտությամբ աշխատելու: 1893 թվականին Մոհանդասը Հարավային Աֆրիկայում իրավաբանական աշխատանք կատարելու մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ:
Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները: Փորձելով ներկայացնել իր իրավունքները որպես Բրիտանիայի հպատակ`   նա անսպասելիորեն ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր հնդիկները: Գանդին պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար և ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի:
 
Նա մշակում է սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և ոչ բռնության վրա, որն անվանում է Սատյագրախա: Նա հավատում էր, որ նպատակին հասնելու միջոցներն ավելի կարևոր են, քան հենց նպատակը: Սատյագրախան քարոզում էր ոչ բռնություն և քաղաքացիական անհնազանդություն`   որպես ավելի նախընտրելի միջոց սոցիալական և քաղաքական նպատակներին հասնելու համար: 1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում է Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը:
 
Օգտագործելով Սատյարգրախայի սկզբունքները`   Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բազմաթիվ անգամներ բրիտանացիները ձերբակալում են Գանդիին Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Սակայն նա կարծում էր, որ եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելն ազնիվ է:
 
Ընդհանուր առմամբ իր քաղաքական գործունեության ընթացքում նա 7 տարի է անցկացնում բանտում: 1948 թվականի հունվարի 13-ին երկրում ծագած արյունահեղությունը դադարեցնելու նպատակով Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել պայքարը, և Գանդին ընդհատում է հացադուլը:
 
Դրանից ևս 12 օր անց մոլեռանդ հինդու Նատխուրամ Գոդզեն`   տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդը, երեք կրակոց է արձակում Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Ուշագնաց Գանդին, երկու կողմից գրկված զարմուհիներով, շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: Գանդիի տարեդարձը`   հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է իբրև Գանդի Ջայանտի ազգային տոն:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.