Encyclopedia

Մինաս Չերազ

Ուսուցիչ, հրապարակախոս Մինաս Չերազը ծնվել է Պոլսում 1852թ. հուլիսի 25-ին: Նա հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար:
Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ: 1880թ.-ին Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը: 1889թ. խուսափելով թուրքական հետապնդումներից՝ Չերազը հաստատվում է Լոնդոնում: 
 
Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը՝ հայ մշակույթն օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու: 
 
1890թ.-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը: Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ՝ շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը: Այստեղ էլ շարունակել է իր ազգանպաստ գործունեությունը:
 
Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվել է նաև ֆրանսերեն: Այն լույս է ընծայվել անգլիական կառավարության հովանավորությամբ «Կապույտ գրքում»:
 
Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները: Այսպես, Վենեսուելայի կառավարությունը պարգևատրել է նրան «Ազատարար Բոլիվիարի խաչով»:
 
Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով: Չերազը մահացել է 1928թ. Փարիզում ու թաղվել այն գերեզմանատանը, որտեղ 1935թ.-ին նրա շիրմաթմբի հարևանությամբ թաղվել է նաև Կոմիտասը: 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերել նաև Մինաս Չերազի աճյունը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.