Encyclopedia

Չինգիզ Այթմատով

Ղրղզ արձակագիր Չինգիզ Այթմատովը ծնվել է 1928թ. դեկտեմբերի 12-ին Ղրղզստանի Շեքրիր աուլում։ 1937թ. հայրը, ով ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, աքսորվեց, և Չենգիզը ստիպված էր տասը տարեկանից աշխատել։ 14 տարեկանում ապագա գրողն արդեն քարտուղար էր աշխատում գյուղխորհրդում՝ լուծելով գյուղի ամենածանր խնդիրները։
Ութերորդ դասարանն ավարտելով`   Չինգիզն ընդունվում է Ջամբուլի կենդանաբանական տեխնիկումը։ 1952թ. հրատարակում է իր առաջին պատմվածքները։ 1953թ. Ֆրունզեում ավարտում է Ղրղզստանի գյուղատնտեսական ինստիտուտը, իսկ 1958թ. գրականության բարձրագույն դասընթացներ է անցնում Մոսկվայի գրականության ինստիտուտում։
 
Նրա պատմվածքներն ու վիպակները թարգմանվում են ռուսերեն և տպագրվում «Օկտյաբր» և «Նովի միր» ամսագրերում։ Վերադառնալով հայրենիք`   ստանձնում է «Գրական Ղրղզստան» ամսագրի խմբագրի պարտականությունները և հինգ տարի շարունակ լինում է նաև իր հանրապետությունում «Պրավդա»-ի սեփական թղթակիցը։
 
1963թ. տպագրվում է Այթմատովի առաջին ժողովածուն: Այս ժողովածուի համար Այթմատովն արժանանում է Լենինյան շքանշանի։ Մինչև 1965թ. Այթմատովը գրում է ղրղզերեն։ Ռուսերեն գրած առաջին վիպակը «Մնաս բարով, Գյուլսարի» վիպակն է։ Չինգիզ Այթմատովի առաջին վեպը`   «Եվ դարից երկար ձգվում է օրը», հրատարակվել է 1980թ., իսկ 1988թ. լույս է տեսնում նրա հանրահայտ «Կառափնարան» վեպը։
 
1988-1991թթ. եղել է «Иностранная литература» ամսագրի գլխավոր խմբագիրը։ 1990-1994թթ. եղել է ԽՍՀՄ, այնուհետև Ռուսաստանի դեսպանը Լյուքսենբուրգում։ 1994թ. մինչև 2008թ. մարտը եղել է Ղրղզստանի դեսպանը Բելգիայում, Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում։ Մահացել է Նյուրնբերգում 2008թ. հունիսի 10-ին։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.