Encyclopedia

Միխայիլ Լերմոնտով

Ռուս բանաստեղծ Լերմոնտովը ծնվել է 1814թ. հոկտեմբերի 3-ին պաշտոնաթող կապիտանի ընտանիքում: Երեք տարեկանում զրկվել է մորից, դաստիարակվել տատի՝ Ե. Ա. Արսենևայի մոտ: Մանկությունն անցել է Պենզայի նահանգի Տարխանի (այժմ Լերմոնտովո) գյուղում, մի քանի անգամ տատի հետ եղել է Կովկասում:
1827թ.-ին տեղափոխվել է Մոսկվա, սովորել համալսարանին կից պանսիոնում, ապա համալսարանում (1830-32թթ.): Ընդհարվելով հետադեմ դասախոսների հետ՝ Լերմոնտովը կիսատ է թողել ուսումը, փոխադրվել Պետերբուրգ, սովորել յունկերական հեծելազորային դպրոցում (1832-1834թթ.):
 
1834թ.-ից մինչև կյանքի վերջը եղել է զինվորական ծառայության մեջ: 1828թ.-ից մինչև 1832թ.-ը գրել է մոտ 300 բանաստեղծություն, ինչպես նաև երկու տասնյակ պոեմ («Կովկասի գերին», «Վերջին զավակն ազատության», «Իզմայիլ Բեյ», «Մահվան հրեշտակ»), մի քանի դրամա («Իսպանացիներ», «Մարդիկ և կրքեր», «Տարօրինակ մարդը»):
 
Լերմոնտովը XIXդ. ռուս հեղափոխական ռոմանտիզմի վերջին խոշորագույն ներկայացուցիչն էր, դեկաբրիզմի ավանդույթների շարունակողը: «Վադիմ» (1832-34թթ.) անավարտ վեպում պատկերել է գյուղացիության տարերային ըմբոստացումը, իսկ «Դիմակահանդես» (1835թ.) չափածո դրամայում արիստոկրատական վերնախավի հետ չհաշտվող, ընդվզող և կործանվող հերոսի (Արբենին) ողբերգական կերպարը:
 
Լերմոնտովի ճակատագրի և ստեղծագործության մեջ շրջադարձային կետ եղավ Պուշկինի սպանության առթիվ գրված «Պոետի մահը» (1837թ.) բանաստեղծությունը: Նա աքսորվեց Կովկաս, որտեղ պետք է մասնակցեր լեռնցիների դեմ ռազմական գործողություններին:
 
Լերմոնտովի կյանքի վերջին չորս տարիներն անցան Կովկասի տարբեր վայրերում, որտեղ նա երկրորդ անգամ աքսորվեց 1840թ.-ի սկզբներին: Այդ շրջանում Լերմոնտովը գրեց իր լավագույն գործերը: «Երգ… Կալաշնիկովի մասին» (1838թ.) պոեմում, օգտագործելով ռուսական բիլինաների ոճն ու մոտիվները, ստեղծեց ազատության և մարդկային արժանապատվության համար մարտնչող հերոսի կերպար:
 
Լերմոնտովի հեղափոխական ռոմանտիզմի բարձրակետը եղան «Մծիրի» (1839թ.) և «Դև» (1829-41թթ.) պոեմները: Այս, ինչպես և «Փախստականը», «Հաջի Աբրեք» և այլ պոեմներում, մի շարք բանաստեղծություների ու բալլադների մեջ դեպքերը ծավալվում են կովկասյան բնության ֆոնի վրա: 
 
1838-39թթ.-ին Լերմոնտովը գրեց «Մեր ժամանակի հերոսը» ռեալիստական վեպը, որի գլխավոր հերոսը՝ Պեչորինը, իրականության հետ չհաշտվող, իր «հոգու անընգրկելի ուժերի» համար ասպարեզ չգտնող, տառապող և շրջապատին տառապանք պատճառող անհատ է:
 
Հոգեբանական և սոցիալական հարցադրումների խորությունը, սյուժեի և կերպարների հարստությունը, ձևի ու ոճի սեղմությունը, կառուցվածքային կատարելությունը վեպը դարձնում են համաշխարհային արձակի նվաճումներից մեկը:
 
Վերջին անգամ 1841թ.-ի գարնանը Կովկաս աքսորված Լերմոնտովը սպանվեց մայոր Ն. Մարտինովի հետ մենամարտում: Լերմոնտովի պոեզիան և արձակը հզոր ներգործություն ունեցան ռուս գրականության հետագա զարգացման վրա: Մեծ եղավ Լերմոնտովի ազդեցություն նաև հարևան ժողովուրդների, այդ թվում`   հայ գրականության վրա:
 
Նրա երկերի հայերեն թարգմանությունն սկսվել է անցյալ դարի 1840-ական թվականերից (Հ. Համազասպյանի, Մ. Նալբանյանի, Ս. Նազարյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Սադաթյանի թարգմանությունները): Լերմոնտովի ստեղծագործությունները թարգմանել են նաև Ալ. Ծատուրյանը, Հ. Թումանյանը, Ե. Չարենցը, Ն. Զարյանը, Պ. Սևակը, Վ. Հովակիմյանը և ուրիշներ:
 
Հայ կերպարվեստում լերմոնտովյան թեմաներով կտավներ են ստեղծել Հ. Այվազովսկին, Վ. Սուրենյանցը, Գ. Բաշինջազյանը, Մ. Սարյանը, երաժշտության մեջ՝ Ա. Սպենդարյանը («Երեք արմավենի»), Ա. Խաչատրյանը («Դիմակահանդեսի» համար գրված երաժշտությունը): Հայ թատրոնում Արբենինի դերում հանդես են եկել Պ. Ադամյանը, Վ. Փափազյանը, Վ. Վաղարշյանը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.