Encyclopedia

Հակոբ Դ. Ջուղայեցի

1605թ. շահ Աբասի բռնագաղթի ժամանակ Հակոբ Ջուղայեցու ընտանիքը տեղահանվել և հաստատվել է Սպահանում, որտեղ ստացել է նախնական կրթությունը`   աշակերտելով Նոր Ջուղայի թեմի առաջնորդ, Նոր Ջուղայի դպրոցի հիմնադիր և մատենագիր Խաչատուր Կեսարացուն: Բարձրագույն հոգևոր ուսումն ստացել է Էջմիածնում`   աշակերտելով Մելքիսեդեկ Վժանեցուն և Սիմեոն Ջուղայեցուն: Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի ժամանակ վարել է Մայր աթոռի գործերը, իսկ նրա երկարատև շրջագայությունների ընթացքում զբաղեցրել տեղապահության պաշտոնը: Կաթողիկոսական առաջին իսկ տարիներից մեծ աշխատանք է կատարել Մայր աթոռը նյութապես ապահովելու և հզորացնելու համար:
1658-ին ավարտին է հասցրել Սբ. Էջմիածնի վանքի զանգակատան կառուցումն ու քանդակազարդումը, ամբողջությամբ վերաշինել Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկա վանքը, նորոգել Սբ. Գայանեի և Սբ. Հռիփսիմեի վկայարանները: Հակոբ Դ Ջուղայեցին արդյունավետ գործունեություն է ծավալել կրթության, լուսավորության բնագավառներում: Նրա միջնորդությամբ Առաքել Դավրիժեցին ավարտին է հասցրել իր «Գիրք պատմութեանց» երկը: 
 
Հակոբ Դ Ջուղայեցին ունեցել է Արևմուտքի օգնությամբ Հայաստանը պարսկական լծից ազատագրելու քաղաքական մեծ ծրագիր: Հուսալով Հռոմի պապի հետ համաձայնության եզրեր գտնել համաքրիստոնեական գաղափարախոսության շրջանակներում`   ձգտել է պապի հովանավորությամբ անցկացնել ներքին բարեկարգություններ: Այդ նպատակով Ալեքսանդր VII պապին հղել է Հայ եկեղեցու հավատո խոստովանության ուղերձը, թղթակցել Կղեմես X պապի հետ: 
 
Փորձել է դավանաբանական հարցերը լծորդել քաղաքականի հետ: Կապեր է ունեցել ֆրանսիացի միսիոներների հետ`   ակնկալելով Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը:
 
1677թ. Էջմիածնում, Ղարաբաղի մելիքների և հոգևորականների մասնակցությամբ գումարել է խորհրդակցություն, որտեղից էլ սկսվել է Արևելյան Հայաստանի ազատագրության համար Իսրայել Օրու հայրենանվեր գործունեությունը: Հիմնականում իր քաղաքական ծրագրերի, իսկ մասնավորապես Երուսաղեմում Եղիազար Ա Այնթապցու մտահղացած հակաթոռ կաթողիկոսության և Կ.Պոլսի պատրիարքության հետ վերստին ծագած խնդիրները կարգավորելու նպատակով, կազմել է պատվիրակություն և ուղևորվել Կ.Պոլիս ու Եվրոպա: Ճանապարհին`   Թիֆլիսում, բանակցել է Քարթլիի Գեորգի XI թագավորի և Վրաց կաթողիկոսի հետ, նրանց հետ մշակել հայ-վրացական համատեղ պայքարի ծրագիր:
 
1679-ի վերջին ժամանել է Կ.Պոլիս, ազգօգուտ խնդիրներ լուծելու մտահոգությամբ բանակցել պապական ներկայացուցիչների հետ, նամակներ հղել Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկուն: Նպատակ է ունեցել իր ծրագրերի շուրջ հրավիրել խորհրդակցություն, ապա ուղևորվել Հռոմ, սակայն, վերջնականապես հասկանալով, որ Հռոմի հետ մերձեցումը կխաթարի Հայ եկեղեցու ինքնությունը`   հրաժարվել է այդ մտադրությունից: Թեև կողմնակից էր Արևմուտքի հետ համագործակցությանը, Հակոբ Դ Ջուղայեցին նամակ է հղել նաև ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչին`   Ռուսաստանից ակնկալելով օգնություն և հովանավորություն: Հակոբ Դ Ջուղայեցու մահից հետո պատվիրակությունը վերադարձել է: Կաթողիկոսի գերեզմանը ճանաչվել է Հոգևոր-Տեր անունով և դարձել ուխտատեղի: Կաթողիկոսական գահին Հակոբ Դ Ջուղայեցուն հաջորդել է Եղիազար Ա Այնթապցին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.