Encyclopedia

Կնքվել է Սևրի պայմանագիրը

1920թ. օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ) Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-1918թթ. 1-ին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև կնքվել է Սևրի հաշտության պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Նա և արևմտահայության ներկայացուցիչ, Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր`   ազգային փոքրամասնությունների իրավունքների, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ:
 
Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից: Սևրի հաշտության պայմանագրի «Հայաստան» բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները:
 
Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները`   Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ: 
 
Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով: Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ`   տեղում:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.