Encyclopedia

Սիամանթո

Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) ծնվել է Ակնում 1878 թ. օգոստոսի 15-ին, ծառայողի ընտանիքում։ 1915թ.-ի հայերի ցեղասպանության նախօրեին թուրքերը սպանեցին հայ նշանավոր բանաստեղծ Սիամանթոյին`   նրան կտտանքների ենթարկելով:
Նախնական կրթությունն ստացել է տեղի վարժարանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնստանդնուպոլիս։ 1896 թվականի ջարդերի ժամանակ 18 տարեկան պատանին, որ նոր էր սկսել գրական փորձերը, հեռանում է արտասահման։ Ամբողջ 12 տարի նա դեգերում է օտար ափերում, լինում է Հունաստանում, Կահիեում, Շվեյցարիայի զանազան քաղաքներում, ապա Փարիզում և Լոնդոնում։ Փարիզում նա որպես ազատ ունկնդիր հաճախում է Սորբոնի Համալսարան։
 
Օտարության մեջ շատ ծանր է եղել երիտասարդ բանաստեղծի կյանքը: Նյութական զրկանքները, հարազատների և հողի կարոտը, երկրից եկած սարսափելի լուրերը խոր կնիք են դնում զգայուն հոգու վրա՝ որոշելով նրա գրական հետագա ուղին։ Արտասահմանում լույս են տեսնում Սիամանթոյի ժողովածուները`   «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգևարքի և հույսի ջահեր» խորագրերով։ Այդ գրքերը նվիրված են բացառապես հայ ժողովրդի ողբերգությանը։
 
Հարուստ երևակայության և նուրբ զգացումների տեր բանաստեղծը երգում է հայրենիքի զավակների արյունոտ ճակատագիրը, ստեղծում ցնցող տրամադրությունների մթնոլորտ։ Նրա էությունը հասկանալու համար շատ բնորոշ է «Արցունքներս» բանաստեղծությունը։ Բանաստեղծները ծնվում են`   երգելու կյանքի գեղեցկությունները, հայրենական հողի և բնության քնքշանքները, ապրելու պայծառ երազներով. 1908թ. վերադառնալով Պոլիս՝ Սիամանթոն գրում է նոր բանաստեղծություններ. լույս են տեսնում «Կարմիր լուրեր բարեկամես» և «Հայրենի հրավեր» ժողովածուները։
 
Սիամանթոյի ստեղծագործությունը`   ողբերգական պատկերների հետ միասին, ունի նաև լավատեսական բովանդակություն: Նա գրել է հերոսական բանաստեղծություններ, բարձրացրել հերոսներին, հողի պաշտպաններին։ «Ես երգելով կ'ուզեմ մեոնիլ» բանաստեղծության մեջ, օրինակ, Սիամանթոն արծարծում է այն միտքը, որ երգը պետք է արդար կռվի տանի հերոսներին։ Հերոսական բանաստեղծություններից են կազմված «Դյուցազնորենը» և «Հոգեվարքի և հույսի ջահերի» մի մասը։ «Հայրենի հրավերում» արդեն, համեմատաբար խաղաղ տարիներին (1910թ.) Սիամանթոն արծարծում է խոր մտքեր`   հայ մարդիկ պետք է վերադառնան երկիր, ցրված հայությունը կարող է ապրել միայն հարազատ հողի վրա, աշխատանքով ու ստեղծարար ոգով: 
 
1912թ. գրած «Սուրբ Մեսրոպ» պոեմում Սիամանթոն լավատեսությամբ երազում էր մի ազատ հայրենիք։ 1913 թվականին Սիամանթոն եղավ Կովկասում՝ ջերմ ընդունելություն գտնելով հայ գրողների և մտավորականների կողմից: Ոգևորված բանաստեղծն ապրում էր նոր երկունք։ Բայց ճակատագիրը ողբերգականորեն ընդհատեց այդ մեծ կյանքը։
 
1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում թուրք խուժանները տանջեցին վայրենաբար`   զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։ Պատմում են, որ մյուս օրն այդ վայրենի թուրքերը Անկարայի փողոցներում շրջում էին հայ մտավորականների եվրոպական տարազներով։ Սիամանթոյի ստեղծագործությունը ազգային երևույթ է, բայց հենց դրա շնորհիվ ունի համամարդկային բովանդակություն։ Նա մեծ տաղանդով երգել է իմպերիալիզմի դարաշրջանում ոչնչացող փոքր ժողովրդի ողբերգությունը՝ ատելություն տածելով ամեն տեսակ բռնության նկատմամբ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.