Encyclopedia

Օնորե դը Բալզակ

Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակը ծնվել է Տուր քաղաքում՝ հարուստ գյուղացու ընտանիքում, 1799թ. մայիսի 20-ին: Հայրը պատրաստում էր որդուն փաստաբանական կարիերայի: 1807-1813թթ. Բալզակը սովորել է Վանդոմի դպրոցում, 1816-1819թթ.`   Փարիզի իրավագիտական դպրոցում՝ միաժամանակ աշխատելով նոտարի մոտ որպես գրագիր: Սակայն հետագայում թողել է զբաղմունքը`   նվիրելով իրեն գրականությանը:
1823թ.-ից սկսում է հրապարակվել, 1825-1828թթ. զբաղվել հրատարակչական գործունեությամբ: 1829թ. լույս է տեսնում Բալզակի անունով ստորագրված առաջին գիրքը`   «Շուաններ» (Les Chouans) պատմական վեպը:
 
Բալզակի հաջորդ ստեղծագործություններն են «Մասնավոր կյանքի դրվագներ» (Scènes de la vie privée, 1830թ.), «Երկարակեցության ըմպելիքը» (L'Élixir de longue vie, 1830-1831թթ.), «Գոբսեկ» (Gobseck, 1830թ.) երկերը, որոնք մեծ հաջողություն ունեցան ընթերցողների և քննադատների շրջանում:
 
1831թ. Բալզակը հրատարակում է «Շագրենի կաշին» փիլիսոփայական վեպը: «Չարաճճի պատմվածքներ» շարքում (Contes drolatiques, 1832-1837թթ.) Բալզակը հեգնալից ընդօրինակում է Վերածննդի պատմվածքների ոճը:
 
Մասամբ ինքնակենսագրական «Լուի Լամբեր» (Louis Lambert, 1832թ.) և հատկապես «Սերաֆիտա» (Séraphîta, 1835թ.) վեպերում արտացոլվել է Բալզակի հետաքրքրությունը Սվեդենբորգի և Մեն-Մարտենի միստիկական կոնցեպցիաներով:
 
Բալզակը հայտնի էր իր բացառիկ աշխատասիրությամբ: Նա ստեղծագործում էր գրասեղանի առջև օրական 15-16 ժամ`   յուրաքանչյուր տարի հրատարակելով երեքից վեց գիրք: 1834թ. Բալզակի մոտ միտք է առաջանում ամփոփել իր ստեղծած և ստեղծվելիք բոլոր երկերը մի բազմահատոր շարքի մեջ, որտեղ ներկայացված է լինելու իր ժամանակի բարքերի համայնապատկերը:
 
Այդ շարքը նա հետագայում վերնագրեց «Մարդկային կատակերգություն»: Այդ շարքի վրա Բալզակն աշխատեց մինչև իր կյանքի վերջը: Նա բաժանել է այն երեք մասի`   «Էտյուդներ բարքերի մասին», «Փիլիսոփայական էտյուդներ» և «Անալիտիկ էտյուդներ»:
 
Բալզակի ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն և հրատարակվել 1950-1960-ական թթ.: Մահացել է 1850 թվականի օգոստոսի 18-ին Փարիզում:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.