Encyclopedia

Մուրացան

XIX դարի վերջի հայ նշանավոր արձակագիր, հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր ներկայացուցիչ Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 1-ին հայոց պատմական Շուշի քաղաքում: Նախնական կրթությունն ստանալով մասնավոր վարժարանում՝ ուսումնառությունը շարունակել է հայրենի քաղաքի թեմական դպրոցում:
Դաս ու դասագիրք սիրող աշակերտ է եղել Գրիգորը: Բնավորությամբ ինքնամփոփ պատանին օրվա մեծ մասն անցկացրել է ընթերցանությամբ: Կլանված կարդացել է հայոց գրականությունն ու պատմությունը, հատկապես՝ շատ է սիրել Մովսես Խորենացու և Եղիշեի պատմությունները:
 
Իր իմացությունը համակողմանի դարձնելու համար, հայ հեղինակներից բացի, կարդացել է նաև ուրիշ ժողովուրդների մեծանուն գրողների գործերը: Ստեղծագործելու բնատուր ձիրքով և աշխատասիրությամբ օժտված պատանին դեռ աշակերտական տարիներին սկսել է իր գրական փորձերը՝ գրաբար և աշխարհաբար բանաստեղծություններ տպագրելով ժամանակի պարբերական մամուլում, սակայն, ինչպես պարզվում է հետագայում, նրա տարերքն արձակ ստեղծագործությունն էր:
 
Հեշտ ու խաղաղ չի անցել Մուրացանի կյանքը: Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ, ապա նյութական սուղ պայմաններից դրդված, կարճ ժամանակում հաշվապահություն է սովորել և աշխատանքի անցել Թիֆլիսի առևտրական տներից մեկում: Հաշվապահի դժվարին աշխատանքը նրան հնարավորություն չի տվել ամբողջությամբ նվիրվելու սիրած գործին՝ գրականությանը:
 
Ծանր ու հոգեմաշ աշխատանքը, իր ժամանակի ազատամիտ մամուլի անբարյացակամ վերաբերմունքը, ընտանեկան անախորժությունները պատճառ են դարձել, որ գրողը մեկուսանար իր շրջապատից, գրական միջավայրից: Այս ամենը խաթարել են նրա առողջական վիճակը, և նա մահացել է հոգեկան խանգարումից 1908 թվականին Թիֆլիսում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.