Encyclopedia

Հովհաննես Ադամյան

Հայ ինժեներ, գունավոր հեռուստատեսության, լուսահեռագրության առաջին գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում: Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը: Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում`   նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում:
Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում: Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ:
 
Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կատարել մի շարք գյուտեր (առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը): 
 
1913թ.-ի վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Սանկտ Պետերբուրգում: Այստեղ նույնպես սեփական միջոցներով ստեղծել է լաբորատորիա և շարունակել գիտական փորձերը:
 
Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը: Նրա մշակած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928թ.:
 
1945–51թթ. ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53թթ. Ադամյանի համակարգն օգտագործվել է գունավոր պատկերներ ցուցադրելու համար:
 
Ադամյանի աճյունը 1970թ. Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանատնից  փոխադրվել է Երևանի քաղաքային պանթեոն:
 
Հովհաննես Ադամյանի անունն է կրել Երևանի ռադիոէլեկտրակապի տեխնիկումը:
 
։ Ծնվել է փետրվարի 5–ին, Բաքվում, նավթարդյունաբերողի ընտանիքում։ 1899-1904-ին սովորել է Մյունխենի, Ցյուրիխի և ապա Բեռլինի համալսարաններում։
 
Ադամյանը 1905-ին տվել է հաղորդվող պատկերը կորերի բաղադրելու գաղափարը, ընդ որում, այդ կորերի ամպլիտուդները համապատասխանել են հաղորդվող պատկերի կետերի պայծառությանը։ 1907-ին Ադամյանը Բեռլինում Արտոնագրերի կայսերական բյուրոյին է ներկայացրել «էլեկտրականության միջոցով հաղորդվող պատկերի կամ մի շարք պատկերների սևեռման և կրկնակի վերարտադրման սարքը» (արտոնագիր N 197443, մարտի 28), ուր առաջին անգամ արտացոլված և հիմնավորված էր պատկերի սև-սպիտակ հաղորդման գաղափարը։ Նույն թվականին Ադամյանը ներկայացրել է «Օսցիլոգրաֆի հայելուց անդրադարձված լուսային փնջի տեղական տատանումները Հայսլերի խողովակի պայծառության տատանումների փոխարկող հարմարանքը» (արտոնագիր N 197183, հուլիսի 12), որով սկիզբ է դրվել երկգույն հեռուստատեսության զարգացմանը։
 
1907-ին իրագործել է Բեռլինից հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա գունավոր պատկերի հաղորդման առաջին փորձն աշխարհում։ 1913-ին պատկերները հաղորդելու համար փոքր զգայնության և մեծ իներտության սելենի փոխարեն առաջարկել է «միջանկյալ կլիշեի» համակարգը։ Նույն տարվա վերջին Ադամյանը տեղափոխվել է Պետերբուրգ։ 1921-ին Մոսկվայում կայացած Համառուսաստանյան էլեկտրատեխնիկական  VIII համագումարում զեկուցել է լուսանկարչական պատկերները հեռավոր տարածությունների վրա հաղորդելու իր ստացած արդյունքների մասին, իսկ 1930-ի հուլիսի 30-ին իրականացրել առաջին լուսահեռագրի հաղորդումը Մոսկվայից Լենինգրադ։
 
1925-ի փետրվարին Ադամյանը ներկայացրել է գունավոր հեռուստատեսության (եռագույն) հաջորդական համակարգի առաջին նախագիծը՝ «Անլուսաթափանց արգելքի միջով տեսնելու սարքը»։ Այդ սարքի հիմնական տարրերից էր գունանջատումը (հաղորդիչում) և գույների միախառնումը (ընդունիչում) իրականացնող Նիպկովի բարեփոխված սկավառակը, որը կոչվեց «Ադամյանի սկավառակ»։ Նույն տարում Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել, գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն հեռուստացույցը։ Ադամյանի առաջարկած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում, 1928-ին։ 1945–51-ին ԱՄՆ-ի «Կոլումբիա» (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53-ին Ադամյանի համակարգը ընդունվել է որպես կայուն համակարգ և նրանով ցուցադրվել գունավոր պատկերներ։
 
Գիտնականը մահացել է սեպտեմբերի 12-ին, Լենինգրադում, թաղվել տեղի հայկական գերեզմանատանը։
 
1970-ի հունիսի 30-ին Ադամյանի աճյունը փոխադրվել է Երևան՝ քաղաքային պանթեոն։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.