Encyclopedia

Նոր-Այր

Հայ արձակագիր, լրագրող Նոր-Այրը ծնվել է 1912թ.-ի սեպտեմբերի 18-ին Կարսի մարզի Մավրակ գյուղում։ Սկզբում գրական անուն է ընտրել պապի ազգանունը և գրվել Նորայր Հովնանյան։ Այդպես է ստորագրել իր առաջին գիրքը`   «Ճարտարապետուհին»։ 1932թ.-ին Եղիշե Չարենցը մի կողմ է թողնում նրա ազգանունը և կնքում նրան Նոր-Այր անունով։
Նախնական կրթությունն ստացել է Լենինականի մանկատանը, երկրորդ կարգի դպրոցն ավարտել է Նոր Բայազետի (այժմ Գավառ) քաղաքում։ 1931թ.-ին ավարտել է ՀԿԿ Կենտկոմին առընթեր մամուլի աշխատողների դասընթացը։
 
Աշխատել է Ղարաքիլիսայի (այժմ Վանաձոր) «Սոցարշավ» շրջանային թերթում որպես խմբագրի տեղակալ։ Եղել է Եղեգնաձորի Ազիզբեկովի միջշրջանային «Կոլտնտեսական», Արտաշատի «Բոլշևիկյան կոլխոզ» թերթերի խմբագիր։
 
Աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես հրահանգիչ, ապա մամուլի, գրականության և արվեստի սեկտորի վարիչ, հետագայում վարել է գրական ֆոնդի հայկական բաժանմունքի դիրեկտորի պաշտոնը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծանր վիրավորվել է Կրակովում, բուժվել Մոսկվայում և Բաքվում։
 
1957-74թթ.-ին եղել է Հայաստանի գրողների միության Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Առաջին անգամ տպագրվել է 1928թ.-ին Լենինականի «Բանվոր» թերթում։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Արամ», «Անմահություն», «Իմ ծաղկած այգի» գրքերը։ Մահացել է 1981թ.-ի մայիսի 26-ին։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.