Encyclopedia

Հենրիկ Մալյան

Հայ նշանավոր կինո և թատերական ռեժիսոր Հենրիկ Մալյանը ծնվել է 1934թ. սեպտեմբերի 30-ին Վրաստանում`   Թելավի քաղաքում: 1951թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը, 1953թ. կատարելագործվել Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտին կից բարձրագույն ռեժիսորական դասընթացներում: 1951-54թթ. (ընդհատումով) աշխատել է Արտաշատի, Կիրովականի, Ղափանի թատրոններում, բեմադրել է Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում՝ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին» պիեսները: 1954թ.-ից Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսորն էր: Մալյանը 1971-88թթ.-ին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, եղել է ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ:
Մալյանի առաջին ֆիլմերը հիմնականում քնարակատակերգական են՝ «Նվագախմբի տղաները» (1960թ., Հենրիկ Մարգարյանի հետ), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ., Լևոն Իսահակյանի հետ), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964թ.): 
 
Նրա լավագույն ֆիլմերից «Եռանկյունին» (1967թ.) շրջադարձային էր ազգային նոր բանաստեղծական կինոարվեստի ստեղծման համար: Այս կինոնկարում իշխում են անմիջականությունը, գեղարվեստական հզոր խոսքը, ռեժիսորական նուրբ ճաշակը:
 
Մալյանը, «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977թ.), «Կտոր մը երկինք» (ըստ Վահան Թոթովենցի, 1980թ.) և այլ կինոնկարների համար ընտրելով ոչ ծավալուն սյուժեներ, հասել է իմաստային ու հոգեբանական խոր ընդհանրացումների:
 
Իր հերոսների ճակատագրերը, խոհերն ու ապրումները շաղկապել է ժամանակակից խոշոր իրադարձություններին, սոցիալ-տնտեսական խմորումներին: «Նահապետ» ֆիլմն առանձնանում է գունեղ կինոլեզվով: Նա հոգեբանական ճշմարտացիությամբ է կերտել Մեծ եղեռնի սարսափելի արհավիրքներից փրկված հայի կերպարը:
 
Մալյանի կինոնկարների մեծ մասի երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը: 1980թ. Հայֆիլմ կինոստուդիային կից ստեղծել է կինոդերասանի թատրոն-ստուդիան, ղեկավարել մինչև 1988թ. (նույն թվականին կոչվել է Հենրիկ Մալյանի անունով): 
 
Գրել է «Երկխոսություն երրորդի համար» (1997թ.) գիրքը: Մալյանն արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի (1975թ.): Մահացել է 1988թ.-ի մարտի 14-ին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.