Encyclopedia

79 թվականին կործանվեց Պոմպեյ քաղաքը

Առաջին հայտնի և ամենասարսափելի Վեզուվի հրաբխի ժայթքումից կործանվել է Պոմպեյ քաղաքը: Հրաբխի ժայթքոցի ուժն այնքան մեծ է եղել, որ մոխիրը հասել է նաև Եգիպտոս և Սիրիա: Պոմպեյի 20 հազար բնակչից 2000-ը մահացել են: Պեմզայի բեկորների և մոխրի շերտով ծածկված Պոմպեյում մասնակի պեղումներ են կատարվել դեռևս 1748թ.-ից: Կանոնավոր պեղումների արդյունքում բացվել են քաղաքի մեծ մասը, դարպասների մոտ գտնվող դամբարանադաշտը և քաղաքից դուրս՝ ամառանոցային շքեղ տներ:
Քաղաքում պահպանվել են սյունաշարով, այսպես կոչված՝ բազիլիկով, Ապոլլոնի տաճարով, Յուպիտերի տաճարով, թերմերով, մահուդի ու մսի շուկաներով ֆորումի, ինչպես նաև դորիական տաճարով եռանկյունի ֆորումի ավերակները, թատրոններ, երգասրահներ, ամֆիթատրոններ և այլն: Պոմպեյի հանկարծակի կործանման հետևանքով տների, կրպակների, գինետների, հասարակական շենքերի ողջ կահավորանքը պահպանվել է: Քաղաքի առօրյայի մասին կարելի է դատել միանգամայն հավաստիորեն, քանզի մոխրի տակ պահպանվել են նաև պատերի գրառումները:
 
Դատելով պատերի վրա պահպանված գրառումներից՝ Պոմպեյում եռում էր բոլորի հետ բոլորի մշտական գզվռտոցը։ Զուր չէ, որ լատիներեն զազրախոսություններով խիտ պատված, լավ պահպանված քաղաքի պատերից մեկի վրա աչքի է զարնում հետևյալ գրառումը. «Օ՜, պատ, ինչպե՛ս չես փլվում բոլոր այս մեղադրանքների ծանրության ներքո»։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.