Encyclopedia

Անդրանիկ Անդրեասյան

Անդրանիկ Անդրեասյանը ծնվել է 1909թ. Արևմտյան Հայաստանի Չմշկածագ քաղաքի Հազարի գյուղում։ Նա ծանր մանկություն է ունեցել։ Արևմտահայերի կոտորածներից փրկվելով՝ ապաստան է գտել Ալեքսանդրապոլում`   Պոլիգոնի ամերիկյան որբանոցներից մեկում։ Կիսաքաղց ու ոտաբոբիկ դեգերել է քաղաքի փողոցներում։ «Թեև մի զույգ կոշիկ ունեի,- մեզ պատմել է նա,- բայց չէի գործածում։ Խնամքով պահում էի, որ ձմեռային սառնամանիքների ժամանակ միայն օգտագործեմ»։

1922թ.-ին`   քեմալականների Պոլիս մտնելու նախօրյակին, ուրիշ հազարավոր որբերի հետ ապաստան է գտել Հունաստանում՝ նախ Կորֆուի, ապա Բաթրասի ու Աթենքի Ամերիկյան որբանոցներում։ Որպես չափահաս դուրս գրվելով որբանոցից՝ 1925թ.-ին մեկնել է Ֆրանսիա և 15-16 տարեկան հասակում բանվորություն արել երկաթեղենի գործարանում։ 1928 թվականին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

 

Սոցիալական անարդարությունների մերկացումը Անդրեասյանի ստեղծագործության էությունն է, հիմնական բովանդակությունը։ Գրականությունը նրա համար պայքարի մի հզոր զենք է, որ պետք է օգնի մարդուն՝ ճանաչելու աշխարհը և վերափոխելու այն։ Նրա երազանքն ու ձգտումն է, որ մարդn ազատ շնչի աշխարհում, ապրի հոգեկան հարուստ, լիարյուն կյանքով։
 
Արձակագիրն իր առաջին պատմվածքները գրել է 1935 թվականին։ 1935թ.-ին որպես սփյուռքահայության հայրենասիրական կազմակերպության պատվիրակ Սովետական Հայաստան այցելելուց հետո «Պայքար» օրաթերթում հանդես է եկել հայրենիքից ստացած իր խանդավառ տպավորություններով։ Երկար տարիներ Ամերիկայում խմբագրել է «Նոր օր» եռօրյան, «Պայքար» օրաթերթը և «Պայքար» գրական հանդեսը։
 
Ժուռնալիստական գործունեությանը զուգընթաց Ա. Անդրեասյանը գրել է առօրյա կյանքի հորձանուտից եկող շատ պատմվածքներ ու գեղարվեստական ակնարկներ։ «Սպիտակ արդարություն» է խորագրված արձակագրի պատմվածքների առաջին ժողովածուն, որ լույս է տեսել 1938թ.-ին ԱՄՆ-ում։ Հեղինակի համակրանքը միշտ ճնշված ժողովարդների ու դժբախտ մարդկանց կողմն է։
 
1947թ.-ին լույս է տեսել «Կարմիր ասպատակի օրագրեն» ժողովածուն, որում մի շարք պատմվածքներ նվիրված են սովետական պարտիզանների մղած հերոսական պայքարին հիտլերյան զավթիչների դեմ։ Արժեքավոր են ժողովածուում տեղ գտած «Ամերիկյան պատկերները»։ Հեղինակը թանձր գույներով նկարել է ամերիկյան նեգրերի ծանր վիճակը, նրանց հանդեպ ազգային խտրականությունը։
 
1956 թվականին արձակագիրը լույս է ընծայել երրորդ ժողովածուն՝ «Վերջին կայանը»։ Հիշյալ երեք գրքերից ծաղկաքաղ անելով՝ 1960թ.-ին Հայպետհրատը «Սպիտակ արդարություն» ընդհանուր խորագրի տակ հրատարակեց Անդրեասյանի միհատորյակը, որ ջերմորեն ընդունվեց սովետահայ ընթերցողների ու գրական քննադատության կողմից։
 
Արձակագիրը նկարագրում է կապիտալիստական անարդար հասարակարգի զոհերին, բախտազուրկ աշխատավոր մարդկանց, հայ ժողովրդի պանդուխտ զավակների տառապալից կյանքը, սևամորթների նկատմամբ ազգային խտրականությունը։ Ա. Անդրեասյանի բոլոր երկերը, նախ և առաջ, հատկանշվում են սոցիալական սուր հարցերի արծարծումով։
 
Անդրեասյանի պատմվածքներում, վիպակներում ու վեպերում ամերիկյան ժամանակակից կյանքը միշտ բեկվում է մարդկային կենդանի բնավորությունների մեջ։ Արձակագիրը վարպետորեն է բացահայտում հերոսների ներաշխարհը, տառապագին ապրումները, հոգեկան ու բարոյական դատապարտվածությունը կապիտալի աշխարհում։ Գիտի ստեղծել դրամատիկ վիճակներ, հուզական պատկերներ:
 
Հայրենիքի կարոտն ու հայրենադարձության թեման ևս արծարծվում է Անդրեասյանի պատմվածքներում («Հայրենիքի ձայն», «Պաղտասար քեռին»)։ Կոտորածներից փրկվելու և տնտեսական ծանր պայմանների հարկադրանքի տակ Ատլանտյան օվկիանոսի այն կողմը պանդխտած հայ մարդու հայրենակարոտ ապրումների արտահայտությունն են այդ պատմվածքները։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.